Այս էջը հաստատված է

Սույն աշխատությունը ամփոփում է հսկայածավալ հայագիտական նյութ, ներկայացնելով հինգհազարամյա պատմական ճանապարհ անցած Հայաստանի Արցախ աշխարհը՝ պատմագիտության, աշխարհագրության, քաղաքագիտության, ռազմագիտության և մշակութաբանության տեսանկյուններից։

Մեծ է Արցախ աշխարհի ավանդը օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարում։ Հայոց ազատամարտի ջահը Հայոց Ձորից փոխանցվելով Ավարայր, Զեյթուն, Սասուն, Վան, Սարդարապատ, XX դարի վերջին տասնամյակում նորից բոցավառվեց Արցախում՝ Գանձասարի ավետաբեր ղողանջների ներքո։ Հայրենիքի ազատագրության գործին իրենց կյանքը պարգևած հերոսներն անմահանում են։ Պամությունը շարունակվում է…

Գրքի մեծագույն արժանիքներից է Արցախի հերոսական ազատամարտի և աշխարհաշեն զարթոնքի լուսաբանումը։ Ինքը հեղինակը՝ Արցախի հայորդի մտավորականը, վերապրելով իր և հայրենակիցների կենսագրության մաս դարձած պատմական իրադարձությունները, բարեխղճորեն և մանրակրկիտ հավաքել ու գիտականորեն ներկայացրել է աղբյուրագիտական և փաստական նյութերը, և հայրենասիրական ոգով ու հայ պատմագիտության լավագույն ավանդույթներով ներկայացրել ընթերցողին։ Համոզվածությամբ կարելի է ասել, որ ներկա գործը կարող է ծառայել, ինչպես ուսուցողական նպատակների, այնպես էլ՝ որպես ամփոփ գիրք հայ ընթերցող լայն շրջանների համար։

Բարի երթ գրքի հրատարակմանը և թող, ինչպես հեղինակի շարադրանքից է հետևում, այն ծառայի “ԼՂՀ-ն Միացյալ անկախ Հայաստանի մի մաս տեսնելու արցախահայության իղձի իրականացմանը”, որը բխում է համայն հայության նվիրական՝ սուրբ գաղափարից։

Է. Լ. Դանիելյան,
պատմական գիտությունների դոկտոր