Այս էջը հաստատված է

գահազուրկ անել։ Պարսկական բաժնում կախման մեջ դրված, ժամանակավորապես իր գոյությունը պահպանող Արշակունյաց թագավորությունը սկսում է ապրել իր հոգեվարքը և աստիճանաբար կորցնում ազգապահպանման գործում որոշակի դեր կատարելու իր վաղեմի ունակությունները։ Պարսկական արքունիքը, օգտագործե­լով քաղաքական, ռազմական ու տնտեսական լծակները, ամեն գնով փորձում է անդառնալիորեն կործանել Արշակունյաց թագավորության դարերով մշակված, համակարգված վարչական հաս­տատությունները, դրանով հայ ժողովրդի վզին փաթաթելով օտար վարչակարգ։ Նման ձևով են վարվում բոլոր ժամանակների բռնավորները, պարզ գիտակցելով, որ անիշխան ժողովուրդը վերջ ի վերջո դատապարտված է կործանման։ Այս պայմաններում էլ Արցախն ու Ուտիքը շարունակում են պահպանել իրենց հայեցի ոգին։

Հայերեն գրերի տարածմանը վերաբերող աղբյուրներում հանգամանորեն խոսվում է նաև Հայոց Արևելից կողմանց գավառների մասին։ Կորյունը վկայում է, որ Մ.Մաշտոցը Գարդմանքում (Ուտիք) ոչ միայն գիր ու դպրություն է տարածում, այլև զբաղվում է քարոզչական գործով։ Մաշտոցը լուսավորական լայն գործունեություն է ծավալում նաև Արցախում, որն այդ ժամանակ կոչվում էր Փոքր Սյունիք103։ Նույն նահանգի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում, ըստ ավանդության, Սեսրոպ Մաշտոցը բացել է առաջին դպրոցներից մեկը։

Վռամ Ե արքան, հայ նախարարների անհամերաշխությունից օգտվելով և նրանց մի մասի համաձայնությունը ստանալով, 428թ. գահընկեց արեց վերջին Արշակունի գահակալ Արտաշեսին։ Հայոց երկիրը դարձել էր Սասանյան պետության մարզերից մեկը։ Սասանյանները ունեին հեռուն գնացող նպատակներ. վերջնականապես իրենց ենթարկել Այսրկովկասը, այն դարձնել պարսից տերության մի մասը, ոչնչացնել հայերի, վրացիների և աղվանների քաղաքական ու մշակութային անկախությունը։

Այդպիսի հանգամանքներում ստեղծվում է նաև Աղվանից մարզ­պանությունը։ Վարչական այս նոր միավորի ծնունդը տարածաշր­ջանում առաջացրեց քաղաքական, սոցիալ-տնտեսական ու տարածքային նորորակ փոփոխություններ։ Որպես հետևանք Հայաստանից