Այս էջը հաստատված է

տեսնելու հայերի հետ։

Պարսից հազարապետ Միհրներսեհի նամակին հայերը խիստ պատասխան են գրում՝ պաշտպանելով քրիստոնեությունն ու նրա սկզբունքները։ Ավելի քան մեկ ու կես դար առաջ քրիստոնեություն ընդունած հայ ժողովուրդը այլևս չէր կարող հրաժարվել ազգային սրբություն դարձած իր ավանդություններից և ապրելակերպից։

Հազկերտը զայրագին խոսքերով անուն-անուն իր մոտ է կանչում տասը մեծամեծ նախարարների։ Հայոց միաբանության մեջ էին նաև այլ նախարարներ որոնք հայրենիքից դուրս էին գտնվում, ուս­տի նրանք էլ գնացին Տիզբոն125։ Վարդանի հետ կեղծ ուրացության էր գնացել նաև Արցախի Առանշահիկ տոհմից Վաչե թագավորը126։

Մինչև Տիզբոն մեկնելը 3 աշխարհները՝ Հայաստանը, Վիրքը և Աղվանքը միմյանց մոտ ուղարկեցին պատգամավորություն, ուխտ դրեցին և հաստատեցին՝ Ավետարանի վրա երդվելով «Այո, գնում ենք, սակայն չենք համաձայնի ուրանալ երկնի ու երկրի Արարչին»127։ Հայոց, Վրաց և Աղվանից իշխանները մնացին անկոտրում և հավատարիմ իրենց ուխտին։

Հազկերտ Երկրորդը մահվան սպառնալիքով հայ իշխաններից պահանջում է անմիջապես կրոնափոխ լինել, հակառակ դեպքում ասվում է, որ բազմաթիվ փղերով զորք կուղարկի Հայաստան՝ նրանց կանանց ու որդիներին բռնելու ու Սագաստան աքսորելու, առհասարակ անպաշտպան բնակչությանը կոտորելու ու երկիրը քար ու քանդ անելու համար։ Մոտալուտ վտանգը կանխելու նպատակով նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականությունը։

Նոր հավատքը Հայաստանում տարածելու և հաստատելու համար կառավարությունը այրուձի է գումարում և մոգպետի գլխավո­րությամբ հավաքագրում 700 մոգերից կազմված խումբ։ Հայաստանից բացի նրանք պիտի քարոզեին նաև Վիրքում, Աղվանքում, Լփնաց, Աղձնյաց, Կորդովաց, Ծավդեից (Արցախ), Դասն աշխարհներում128։ Զգուշության համար Հազկերտը պատանդ է վերցնում Վասակ մարզպանի երկու որդիներին՝ Բաբիկին, Ամիրներսեհին, վրաց Վազգեն, Հայոց Արևելից կողմանց Վաչե արքաներին և Գուգարաց Աշուշա բդեշխին129։