Այս էջը հաստատված է

Հայ ապստամբներին մնում էր հույսը դնել սեփական ուժերի վրա և պատրստվել ահեղ գոտեմարտի։ Այս միջոցին տագնապալի լուր է ստացվում, թե պարսկական բանակը 300 մոգերի հետ մեկ­տեղ, բռնի դավանափոխությունը ի կատար ածելու նպատակով, հարձակվել է Աղվանքի վրա։

Քննարկվող ժամանակաշրջանում Աղվանքում ապրող ցեղերը ապրում էին առանձին-առանձին և չունեին կայուն քաղաքական ոչ մի միավոր։ Այս հանգամանքից օգտվելով Հայոց Արևեյից կողմանց՝ Արցախի, Ուտիքի Վաչե Առանշահիկ թագավորը իր իշխանությունը տարածել էր նաև Կուրի ձախափնյակի վրա։ Մեր թվարկության 5-րդ դարից սկսվող հայ պատմագրության մեջ Կուրի ձախափնյա երկրի վերը նշված ցեղանունները հիշատակվում են Լփնիք ձևով131։

Ուտիքի, Արցախի և Կուրի ձախափնյա շրջանների քաղաքական կյանքը իրենց ձեռքը վերցրած Առանշահիկները Վաչե թագավորի գլխավորությամբ կազմակերպեցին հակապարսկական շար­ժումը։ Վաչեի մայրը պարսկուհի էր, մոգական կրոնի հետևորդ։ Վաչեն իր հերթին ամուսնացած էր Հազկերտի քրոջ աղջկա հետ։ Հազկերտ Բ-ն հավատալով Վաչեի կեղծ ուրացությանը, պատանդու­թյունից նրան ազատում է։ Հայորդին վերադառնալով հայրենիք, արյան կանչով անզիջում պայքար սկսեց պարսից հայակուլ քաղաքականության դեմ։

Վաչեի դեսպանները Վարդան Մամիկոնյանին և Վասակ Սյունեցուն խնդրում են արագացնել ռազմական գործողությունները պարսիկների դեմ և օգնության գալ իրենց։ Ստանալով այդ լուրը, հայերը իրենց ուժերը բաժանեցին երեք գնդի։ Առաջին գունդը՝ Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ, ուղարկվեց Հեր և Զարևանդ գավառները՝ հարավային սահմանները պահպանելու համար։ Զոր­քի մի մասը տրվեց Վասակ Սյունեցուն, որպեսզի սա իր առաջարկած ծրագրի համաձայն Սյունիքից գաղտնի ճանապարհով անցնի և թիկունքից հարվածի պարսիկներին։ Մնացած մասը տվեցին Վարդան Մամիկոնյանին, որը Գուգարքով պիտի անցներ Աղվանք ու օգներ ապստամբներին։

Վարդանանց գունդը Աղվանքին օգնության էր գնացել 450թ.