Այս էջը հաստատված է

թիկունք դարձած մարտնչեցին Ավարայրում՝ իրենց նվիրական արյունը հեղելով ազատության դաշտում։

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունենում 451թ. մայիսի 26-ին։ Վաղ առավոտյան պարսկական զորասյուները խռնվում են Տղմուտի ափին, բայց չեն համարձակվում գետն անցնել։ Հայերը պարսիկներին հանկարծակի բերելու նպատակով, Վարդանի հրամանով առաջինն են գետն անցնում և զարգացնում հարձակումը։ Մարտը սկզբից հաջողություն էր խոստանում հայերին։ Վարդանը իր հեծյալ գնդով, շեշտակի գրոհով մխրճվելով Մուշկանի բանակի դասավորության խորքը, մրրկաթափ հարվածով ցաքուցրիվ է անում ու փախուստի մատնում թշնամու ամենաընտիր զորամասը՝ մատյան գունդը, որը պաշտպանում էր ճակատի կենտրոնը։ Վարդանը, հաջողությունից ոգևորվելով, իր գնդով շատ առաջ անցնելով, կտրվում է մյուս զորամասերից։ Այն ժամանակ Մուշկան Նիսալավուրտը պահեստում գտնվող զրահավոր փղերով ամրացված իր հատուկ զորաբաժնին հրամայում է առաջ անցնել և շրջապատել նրան։ Վարդանը անհավասար կռվում ընկնում է հերոսի մահով։ Կատաղի մարտը շարունակվում է մինչև մութն ընկնելը։ Կորցրած լինելով իրենց զորավարին, հայերը մյուս օրը ետ են քաշվում և ամրանալով բերդերում՝ շարունակում են դիմադրությունը։

Գնահատելով Ավարայրի ճակատամարտի ելքը, Եղիշեն գտնում է, որ երկու բանակներից ոչ մեկն էլ չհաղթեց։ Նրա կարծիքով երկու կողմերը իրար դեմ դուրս գալով՝ իրար պարտության մատնեցին։

Ազատության դաշտում հերոսաբար նահատակվում են 1036 հայ ռազմիկներ, այդ թվում զորավար Վարդան Մամիկոնյանն ու բազմաթիվ իշխաններ։

Ավարայրի հերոսամարտում զոհված հայորդիները դասվել են «հայրենիքի նահատակների» շարքը, սրբացվել ու դարձել հայրենի­քին անմնացորդ ծառայելու պայծառ օրինակ։ Այսօր էլ «Վարդանանց տոնը» համազգային տոն է, որ նշվում է ամենուրեք՝ թե հայրե­նիքում և թե սփյուռքում140։ Երվանդ Լալայանի տվյալներով դարի սկզբներին այն տոնվում էր նաև Գանձակի գյուղերում141։ Վարդանանց դյուցազնամարտի անձնազոհ մարտիկների անունները ոսկե տառերով գրվեցին հայ ժողովրդի բազմադարյան պատմության մագաղաթյա