Այս էջը հաստատված է

կանոնավորելու համար Վաչագան թագավորը Արցախի Աղվեն ամառանոցում (այժմյան Մարտակերտի շրջանում) 488թ. գումարեց հայ հոգևոր և աշխարհիկ տերերի մի ժողով, որտեղ քննարկվեցին և ընդունվեցին նորաստեղծ թագավորության օրենքներ։

Հայտնի է, որ մինչ Վաչագան Բարեպաշտի 21 կանոնների ընդունումը IV դարում Աշտիշատում և Շահապիվանում հայ Արշակունի թագավորները ընդունել էին հոգևոր, քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող օրենքներ։ Սակայն բուն մայր երկրում հայկական պետականության կորստի պայմաններում անհրաժեշտ էր ստեղծել օրենքների մի հավաքածու, փաստելու նոր իրողությու­նը՝ հայոց երկրի մի անկյունում ստեղծված թագավորության գոյությունը, որը հետագա խռովահույզ դարերում խորհրդանիշ պիտի դառնար արցախահայության չընդհատվող պետականության համար։

«Սահմանադրութիւն կանոնական»-ը Հայոց Արևելից կողմանց սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունների ուսումնասիրման համար բացառիկ արժեք է ներկայացնում։ Ըստ Աղվենի կանոնների պետական և եկեղեցական հարկերը պարտադիր էին հասարակության բոլոր խավերի համար՝ շինականներից մինչև ազնվական խավերի ներկայացուցիչները, նույնիսկ արքայական տոհմից սերվածները։

Հայ հասարակության բարոյական կերպը անխաթար պահելու համար ընդունված օրենքների համաձայն արգելվում էր մերձամուսնությունը, տղամարդու քմահաճ ամուսնալուծությունը, վհուկ­ներին ու կախարդներին դիմելը, հոգևորականների (քահանայից մինչև եպիսկոպոս) վատ վարքը՝ սովորական գայթանքից(մոլորվել, սխալանք թույլ տալ) մինչև գողություն ու անբարոյականությունը։ Թագավորի գերագույն իշխանությունը սրբագործելու համար «Սահմանադրութիւն կանոնական»-ը թագավորին էր վերապահում օրենքների սահմանումը և երկրի ներսում բոլոր ազատներն ու արքայազունները, հոգևորականներն ու աշխարհականները պարտավոր էին խոնարհաբար ենթարկվել արքունիքի ընդունած ամեն մի վճռին։

Աղվենի կանոնները պարտադիր նորմեր էր հասարակության