Այս էջը հաստատված է
ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ 6-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՎ 7-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ

ՊԱՐՍԻՑ ԱՐՔՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎԵԼԻՑ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒ­ՆԸ: Վաչագան բարեպաշտի մահվանից հետո վեցերորդ դարի համարյա ամբողջ երեք քառորդը Արցախն ապրում էր խաղաղ ու բարգավաճ կյանքով։ Դա հիմնականում բացատրվում էր Սասաանյան Իրանում տիրող քաղաքական համեմատաբար կայուն կացութ­յամբ։ Պարսից Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ (531-578թթ.) Պարսկաստանում սկսվում է տնտեսական և մշակու­թային աննախընթաց վերելք։ Բարեփոխվում է երկրի ռազմավարչական և հարկային համակարգը։ Երկրում սկսված շինարարական եռուզեռի ընթացքն ու անդորրը պահելու համար Խոսրով Ա Անուշիրվանը սկսեց հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել այլ հավատքների, այդ թվում քրիստոնեության նկատմամբ։

Դեռևս Կավատ Ա-ի ժամանակ Պարսկաստանը վարչականորեն բաժանված էր չորս «քուստակների»՝ երկրամասերի։ Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ ռազմական բարեփոխումով այդ չորս երկ­րամասերը միաժամանակ դարձել էին ռազմական շրջաններ։ Յու­րաքանչյուր երկրամաս՝ «կողմ», բաժանված էր առանձին մարզ­պանությունների և «շահրերի»(աշխարհների)165։ Մարզպանական Հայաստանը, Ատրպատականը, Վիրքը, Աղվանքը, Կասպից ծովի հարավային եզերքին գտնվող Դմբավանդ, Տապարստան, Ռուան և ամոլ երկրները կազմում էին Հյուսիսային Քուստակը, որը կոչվում էր նաև «Քուստի-Կապկոհ», այսինքն՝ Կովկասյան Քուստակ166։