Այս էջը հաստատված է

Արցախի Առանշահիկների թագավորությունը Աղվանից մարզպանության կազմում ներառված էր հյուսիսային Քուստակի մեջ և իր տեղն ու դերն ուներ Սասանյան Պարսկաստանի ռազմավարչական հիերարխիկ համակարգում։

Ճիշտ է նկատել հայտնի կովկասագետ Ս.Վ.Յուշկովը, որ Առանշահիկների ավատական իշխանությունը համարվում էր Հայոց երբեմնի մեծ ու հզոր պետության մի բեկորը, որը, թեկուզև կախյալ վիճակում, ապրում էր պետական ինքնահատուկ կյանքով167։

Հայոց երկիրը քաղաքական տեսանկյունից բաժան-բաժանանելուց զատ Սասանյան Պարսկաստանը ձգտում էր նրան տկարացնել նաև տնտեսական տեսանկյունից։ Այդ նպատակով Խոսրով Ա Անուշիրվանի ժամանակ անց է կացվում աշխարհագիր՝ գրանցվում են ցանքատարածությունները, այգիներն ու պարտեզները, ինչպես և անասունների գլխաքանակը։ Գլխահարկի քանակը պարզելու համար կազմակերպվել է ազգաբնակչության վիճակագրություն։ Հարկը գանձվում էր տարեկան երեք անգամ։ Հողահարկը վճարում էին ազգաբնակչության բոլոր խավերը, իսկ գլխահարկը՝ ստորին դասերը՝ շինականները և քաղաքացիները168։

Նախկինում հողահարկը գանձվում էր բնատուրքի ձևով՝ պարզապես տրվում էր ստացված բերքի որոշ քանակը, այժմ հարկահավաքները պահանջում էին և բնատուրքով, և դրամով։ Հարկային նոր համակարգը մեծ դժգոհություն հարուցեց բնակչության բոլոր խավերում։ Դրա արտահայտությունը հանդիսացավ Հայոց Արևելից կողմանց իշխանների ապստամբությունը պարսից բռնատիրության դեմ։ Սասանյաններին հաջողվեց ճնշել ապստամբությունը և մասնակիցներին ենթարկել դաժան պատժի։ «Մեծամեծաց իշխանաց աշխարհին Աղուանից, որք ապստամբեցան յարքայեն Պարսից և կորեան անկան բազումք ի նոցանէ՝ ոմանք ի սուր, ոմանք ի խեղութիւնս անդամոց և ոմանք տարագրեալք յաշխարհս հեռաւորս»169 դառը կսկիծով պատմում է Մովսես Կաղանկատվացին։

Հայոց Արևելից կողմանց տերերի՝ Առանշահիկների իշխանապետության բեկորները պահպանել ու պարսից հայակործան քաղաքականությանը դիմակայելու նպատակով հայոց թվականության առաջին տարում (552թ.) հիմնադրվեց կաթողիկոսական աթոռ։