Այս էջը հաստատված է
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ կյանքն առանց ընդմիջման շարունակվել է հետագա բոլոր ժամանակաշրջաններում:

Արցախցի հայը ի վերուստ ամենազոր Արարչի տված անաղարտ ձիրքով ու շռայլ տաղանդով դարերին է կտակել ամենապարզ քարե գործիքներից մինչև մարդկային քաղաքակրթության Պառնասին հասնող գոհարներ՝ Ամարաս ու Գանձասար։

Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայի կերտած այդ հրաշքները օտարների աչքում միշտ փուշ են եղել։ Պատահական չէ, որ մեր տաճարներն ու վանքերը, խաչքարերն ու մագաղաթները ավերի ու ավարի են ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից:

Չբավարարվելով դրանով՝ խորհրդային տարիներին ադրբեջանցի «պատմաբանները», կեղծելով և եղծելով իրողությունը, ամեն կերպ փորձել են և այսօր էլ մի առանձնակի եռանդով շարունակում են սեփականացնել Հայոց Արևելից նահանգների պատմական ժառանգությունը։

Դարերի ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով հայրենի եզերքի հետ կապված հուշն ու պատմությունը։

Այս չընդհատվող շղթան ներկայացնող մի մասնիկն էլ սույն գիրքն է, որը պատմելու և ընթերցողին ներկայացնելու է արցախահայության հինգհազարամյա կենսագրությունը։