Այս էջը հաստատված է

Այս ճակատագրական պահին էլ հանդես է գալիս Պարսից դեմ հայ իշխանների կազմակերպած ապստամբության մասնակից, պարսից 25-ամյա գերությունից հենց նոր վերադարձած Աղվանից աշխարհի կաթողիկոս Վիրոն։

Կաթողիկոսը փորձեց բանակցությունների միջոցով ժամանակ շահել ու մեղմացնել խազարների դաժանությունները, սակայն անօգուտ։ Այն ժամ, ուրիշ ելք չգտնելով, կաթողիկոսն Չարաբերդ-Ջրաբերդում հավաքված հոգևոր ու աշխարհիկ տերերին առաջարկեց յուրաքանչյուրն իր ունեցածից մի բան բաժին հանել և կաշառել Շաթ խաքանորդուն։ Վիրոն, հավաքված հարստությունը վերցրած, մեծամեծերից կազմված մի պատվիրակությամբ գնաց ներկայացավ Շաթին, որը բանակ էր դրել Պարտավից հյուսիս, Տրտու գետի ափին։

Նվերները ստանալուց հետո Շաթ խաքանորդին չավերեց երկի­րը։ Վիրոյի միջնորդությամբ ազատվեցին գերյալները։ Շաթ խաքանորդին խոստանում է այլևս չհարձակվել Վիրոյի երկրի վրա, այլ բավարարվել միայն հարկեր վերցնելով։ Չնայած դրան, խազարնե­րը դեպի Այսրկովկաս արշավեցին 630 թվականին, նոր արհավիրք­ներ բերելով ժողովրդին։

Տասնամյակներ շարունակ խազարների չընդհատվող արշավանքները քայքայեցին երկրի տնտեսությունը։ Մի ժամանակվա արգավանդ դաշտերն ու այգիները մնացին անմշակ ու վերածվեցին անապատների։ Սովն ու մահտարժամը պատել էր երկիրը։

Մարդիկ ստիպված են լինում ուտել ինչ-որ պատահի՝ սատկած անասունների միս, ծառերի ճյուղեր, հին կաշի, ծխաթակ կաշեպարկեր, կոշիկների հին կապիչներ, իսկ ով գտներ պտուղ ու կորիզ, կաղար ու կուտեր։ Պատմիչի ասելով նույնիսկ մեռածների միս էին ուտում։ Այսքանից հետո էլ մարդկանց վրա խելացնորություն եկավ, որով հիվանդները երկու ամիս անզգա ընկնում էին, սևանում, կորց­նում մարդկային տեսք ու կերպարանք։ Սակայն կատարվեց և դրանից ավելի վատթարը. գարնան առաջին կանաչի հետ կենդանի մնացածները դաշտ էին դուրս գալիս խոտով սնվելու։ Եվ դրանից էլ բազմապատկվում էր մահացողների թիվը։ Աշխարհն ասես համատարած գերեզմանոց էր անթաղ մեռելների186։