Այս էջը հաստատված է

պատմիչը,– արքայավայել մեծարանքի ու սիրո խոսքերից հետո, խալիֆը Ջիվանշիրին անքանակ ու անգնահատելի նվերներ է տալիս, որոնց թվում էին երկու զարմանահրաշ բաներ՝ փիղ և թութակ, ու առաջարկում միաժա­մանակ իշխել Ատրպատականում և նրանից արևելք ընկած Սիւնեստանյաց երկրում191։ Ջիվանշիրը մերժում է խալիֆի առաջարկը։ Արցախահայության հակաարաբական շարժումը նոր թափ ստացավ հետագա ժամա­նակներում։

Աղբյուրները վկայում են, որ 9-րդ դարի սկզբներին հյուսիս-արևելյան Հայաստանի հակաարաբական շարժումը գլխավորում էր Սահլ Սմբատյան Առանշահիկը։

821թ. արաբները Պրատավից շարժվելով Արցախի խորքերը, ասպատակեցին Ամարասը, և մոտ հազար հոգի գերեվարելով, ամրացան Շիկաքար բերդում։ «Այդ ժամանակ քաջ ու շքեղատեսք Սահլի Սմբատյան Առանշահիկ իշխանը և իր քաջազոր եղբայրնե­րը իրենց զորքերով լուսադեմին վրա տվին, նրանց բոլորին միասին, դիաթավալ արին, ցիրուցան դարձրին և, ինչպես առյուծի ժանիքներից, գերիներին խլեցին»192։

Հաջորդ անգամ 12 հազարանոց բանակի հետ ճակատամարտը տեղի ունեցավ Մուխանք դաշտում։ Ժամանակագիրը վկայում է, թե «Այստեղ էլ Սահլ Սմբատյանը, որ Զարմիհրական արքունի տոհմից էր, իրենց գործակից դարձնելով մեծ նահատակ Գեորգիոսին, թշ­նամիների վրա խոյացավ՝ որպես արծիվը տկար թռչունների վրա և, դաշտում այս ու այնտեղ կոտորելով, մնացորդներին փախուստի մատնեց»193։

9-րդ դարի առաջին կեսին արաբական խալիֆայության խառնակ վիճակը նպաստեց նրա տիրապետության տակ ընկած երկրների ներսում նոր խմորումների առաջացմանը, որոնք բոլորն էլ ինք­նավարության էին ձգտում։ Թուլացող տիեզերական կայսրության փոխարեն տեղերում հզորանում էին ընդիմադիր ուժերը։ Հայաստանում առանձնապես վերելք էր ապրում Բագրատունյաց նախարարական տունը, որը 9-րդ դարի կեսերից սկսած հրաժարվում էր նույնիսկ հարկ վճարել արաբներին։ Իսկ Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգներում սյունեցիները և Ուտիքի ու Արցախի նախարարական տները դարձել էին իրենց երկրամասերի լիիրավ