Այս էջը հաստատված է

տերերը։ Մութավաքիլ խալիֆն(847-861թթ.) բիրտ միջոցների դիմեց Հայաստանի ներքին ինքնավարությանը վերջ տալու համար։ 850թ. այդ նպատակով Հայաստան ուղարկվեց Աբու Սաիդ ոստիկանը, որն իր հարկահաններով երկիրը սկսեց կողոպտել։ Նախկին ծանր ու անտանելի հարկերին ավելացվեց նաև «ջիզյա» կոչվող այլադավանության հարկը, որը գանձվում էր ոչ մահմեդականներից։ Այս վիճակը երկար հանդուրժել չէր կարող հայ ժողովուրդը։ Առաջինը ապստամբական դրոշ էին բարձրացրել Վասպուրականի Արծրունիներն ու Տարոնի Բագրատունիները։ Ապստամբները Խութեցի Հովնանի և Բագրատունյաց իշխանազունների գլխավորությամբ Մշո դաշտում ջախջախում են հայկական շարժումները ճնշելու նպատակով եկած արաբական զորքերին։ Արաբ ոստիկան Յուսուֆը հայ վրիժառուներից մազապուրծ թաքնվեց սուրբ Փրկիչ եկեղեցու գմբեթի ներսում, սակայն հենց տեղում հայ ռազմիկներից մեկը աշտեով սպանեց նրան։ Արաբական խալիֆայությունը այսօրինակ խայտառակ պարտության վրեժն առնելու համար թուրք զորավար Բուղա Շարաբիի գլխավորությամբ 200 հազարանոց մի զորաբանակ ուղարկեց Հայաստան և Անդրկովկաս[1]։ Բուղան արյան մեջ խեղդեց Սասունը, Վասպուրականը, Ռշտունիքն ու Մոկքը։ Հայկական այս նահանգների բախտին արժանացավ նաև Արևելյան Վրաստանը Տփղիս մայրաքաղաքով։ Եվ միայն Կովկասյան լեռնաշղթայի փեշերին՝ Կախեթում բնակվող ծանարները սաստիկ ջարդ տվեցին Բուղային, որն ստիպված եղավ ամոթով փախչել պատերազմի դաշտից։

Կախեթից Բուղան ուղղվեց դեպի Գուգարաց դաշտը և իջավ Պարտավ քաղաքը, Կուրից հյուսիս մտավ Հայաստանի արևելյան կողմերը՝ Ուտիք-Արցախ լեռնաշխարհը։ Ձերբակալվեցին Գարդմանի Կտրիճ իշխանը, Խաչենի Ատրներսեհն իր հոր՝ Սահլ Սմբատյանի194 հետ, լեռնային Ուտիքի Սևորդիների Ստեփանոս Կոն իշխանը195։ Բուղայի արնածարավ բանակի թափը կոտրվեց Դիզակում։

  1. Բուղան Մութավաքիլ խալիֆի ստրուկներից մեկն է եղել, բայց ազատություն էր ստացել և իր հայրենակիցներից կազմված վարձկան զորքի շնորհիվ ամենակարող մարդն էր դարձել պետության մեջ։