Այս էջը հաստատված է

Հենվելով իր բերդերի անմատչելիության և առավելապես իր քաջ զինվորականության վրա, Դիզակի Աբու-Մուսե իշխանը վճռեց դիմադրություն ցույց տալ Բուղային։ Լեռնային Քթիշ(Գտիչ)[1] ամրոցում հավաքվեցին Եսայի իշխանի ոչ միայն զորքը, այլև շրջակա գյուղերի ժողովուրդը։ Եվ Եսայի Աբու Մուսեն սկսում է եռանդուն պատրաստություններ տեսնել։ Բուղան հայ իշխանից պահանջում է գալ իր մոտ և հնազանդություն հայտնել։ Եսայի Աբու Մուսեն պատասխանում է նրան մի նամակով, որի ամբողջ բովանդակությունը տոգորված է ջերմ հայրենասիրությամբ և որի մանրամասները մեզ է թողել Թովմա Արծրունին. «Աշխարհակալների սովորությունն է արքունի հոգածությամբ գնալ երկիրը, իբրև հնազանդների մոտ, վերցնել, թեթևացնել տառապյալների նեղությունները, իբրև խնամարկուներ, և ոչ թե ավազակաբար ավերել, սրածելով ու գերեվարությամբ ավերակ դարձնել երկիրը։ Եվ եթե դու արքունիքից եկել էիր խաղաղությունը պահպանելու, շենություն պիտի պարգևեիր սրանց և ոչ թե ավերանք ու խառնակություն։ Եվ արդ թող հայտնի լինի, որ ինչքան բավականանա իմ զորությունը և քանի դեռ կենդանի եմ, կընդդիմակայեմ տեր աստծո ուժով ու զորությամբ և քեզ տեսնելու եմ ոչ թե սիրով ու խաղաղությամբ, այլ զենքով, աղեղով ու սրով, քաջ տղամարդկանցով և ընտիր երիվարներով։ Եվ եթե դու ցանկանում ես ապրեցնել քեզ ու քո զորքը, արի ել այստեղից ու դուրս գնա իմ երկրի սահմաններից։ Ապա թե ջանաս զրկվել այս կյանքից՝ քո զայրույթի, կատաղության պատճառով և ոսկորներդ ցրես անապատներում ու դառնաս երկրի գազանների, երկնքի թռ­չունների կերակուր, քո կամքը թող լինի, ես անպարտ եմ քո արյան համար, մանավանդ, որ մեծ բարեպաշտություն եմ համարում սպանել

  1. Անմատչելի բերդի մնացորդները առ այսօր պահպանվում են։ Բերդը հյուսիսային կողմից բարձր ժայռի միջով գաղտնուղիով հաղորդակցվում է արտաքին աշխարհի հետ։ Բերդաշինարարները հոգացել են նաև ջրի մասին, ժայռի մեջ ստեղծել բավականին ընդարձակ ու խոր «սառնարաններ», որտեղ կուտակված ձյան պաշարները օգտագործվել են ամռան ամիսներին։ Բացի այդ, բերդավանում ստեղծվել են կալաչափ մեծությամբ ջրամբարներ, որոնք միշտ լիքն են անձրևաջրով։ Այս արհեստական լճակները պաշարված ամրոցի համար լրացուցիչ պահեստներ են եղել։ Բերդի մասին տես՝ Շ.Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Եր., 1985, էջ 90-92։