Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/10

Այս էջը հաստատված է

նորի էության անըմբռնելիությունից առաջացած «անեկդոտի» հասնող վիճակներով, ինչպես նաև նորի առջև հեքիաթային զմայլանքի որակով։ Հին և նոր հոգեբանությունների լուռ մենամարտի ցայտուն վավերագիր է «Մթնաձորի «չարքը» պատումը։ Ժայռի պռնկին նստած մի ալևոր ծերունի իրենց գոյության հավիտենական անշարժությանը վարժված շինականներին պատմում է ձորերի տեսիլքների և նրանց մշտապես համակած տագնապների մասին։ Ծերունու ցաքուցրիվ մտապատկերի մեջ իրար են խառնվում բնությունը, լուսնյակ գիշերը, ձորերի արջը և «բազում չարքերը»: Նրա բորբոքված երևակայաթյունը նորանոր տեսիլներ է բարդում ասածի վրա, երբ հանկարծ հեռվից լսվում է ձիու ոտնաձայն. «Փողոցում կանգնել էր մի կին, տղամարդու գլխարկով։ Կինը պինդ բռնել էր ձիու սանձը…»:

Նոր «տեսիլքի» հայտնությունից տագնապած ծերունին թեև շարունակում է Մթնաձորի լուսնյակի ու արջերի պատմությունը, սակայն իր իսկ պատումի ընթացքի մեջ երևում է նրա շփոթմունքը նորի մուտքի հանդեպ, որը մարմնանում է քաղաքից եկած ձիավոր հրահանգչուհու կերպարանքում։

Քաղաքի կինը իր հետ բերում է «քաղաքակրթության շունչը», և բնության տեսիլքները մղվում են ետին պլան։ Պատմվածքի այս հանգույցում ալևոր ծերունուն, իբրև Մթնաձորի էության մարմնացում, փոխարինում է նոր «տեսիլքի» առաջ արբեցած գյուղացի Սաքանը։

Քաղաքակրթության լրաբերը՝ հրահանգչուհին, տակն ու վրա է անում նրա հոգեաշխարհը, ցրում Մթնաձորի միֆական պատկերացումը և Սաքանին կանգնեցնում Մթնաձորի նորացման փաստի առաջ։

Բակունցը ոչ միայն չի հաշտվում հին իրականության հետ, ոչ միայն չի իդեալագործում հին եզերքը, այլև ողջունում է նորի արտահայտությունները Մթնաձորում։

Բակունցի արձակի բնորոշ ժողովրդական աշխարհի բանաստեղծական բովանդակության պեղման երակը ևս սկսվեց մթնաձորյան պատումներից («Ալպիական մանուշակ», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Այու սարի լանջին»)։ Մինչ արդեն հիշված մթնաձորյան կենցաղանկարներում Բակունցը դեռևս ինչ-որ չափով գյուղագրական դիրքերի վրա էր, մոտավորապես հայ գյուղագիրների հին սերնդին բնորոշ «ժողովրդասիրական» զգացմունքների շաղախով, մի շարք պատմվածքներում նա հաղթահարում է գյուղագրության աշխարհայացքային այդ «սահմանափակությունը»