Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/101

Այս էջը հաստատված է

Այդ ձորերում է սնոտի հավատալիքների, քաջքերի և չարքի աղբյուրը, և հիմա էլ Մրոցում շատ ռամիկ անտառի մամռապատ քարանձավների մոտից անցնելիս՝ երկյուղած, շունչը փորն է նետում, տրեխներով զգույշ հուպ տալիս չոր տերևներին և շշուկ լսելիս ծնկներում դող զգում, թեկուզ այդ շշուկը տրեխի տակ ճռացող չոր ցախից լինի։

Եվ երբ ձմեռ է լինում, և ձյունի ծանրությունից անտառում շատ ծառեր են ջարդվում, Մրոցում քուրսու մոտ նստում են, մի ալևոր, որ հազար անգամ է շալակով ցախ բերել անտառից, սկսում է պատմել այն մասին, թե ինչպես գիշեր ժամանակ անտառով անցնելիս ականջով մի ձայն ընկավ, կարծես մի կին, մի շատ ծանոթ կին բարակ ձայնով կանչեց իրեն, ինչպես ինքն ասպանդակեց ձիուն...

Պատմում է, ոտքերը կախ տալիս թոնրի վրա։ Նրան ի՞նչ, թե աչքերը կիսախուփ անող թոռը վախից կուչ է եկել տատի փեշի մոտ, չգիտե՝ լսի՞ պապի գլխով անցածը, թե քնի տաք քուրսու մոտ։ Եվ եթե պապի պատմածին լսում է և գյուղի կոմսոմոլը (իսկ Մրոցում դեռ կոմսոմոլ քիչ կա), գիրկապ անելով սերտում իր գիրքը՝ «Ազատ ենք մենք, մենք ազատ ենք»,− նրա մի ականջը դարձյալ պապի պատմածին է, թեկուզ ժողովում լսած էլ չինի, որ անտառի քաջքը չիք է, հնարովի և սնոտի։

* * *

Մրոցն, իհարկե, գյուղխորհուրդ ունի, խորհուրդն էլ նախագահ։ Բայց և ոչ մի զեկուցում չի ասի այն, ինչ կտեսնեք, եթե ապրեք Մրոցում, թերթեք նրա հնադարյան գիրքը։

Գյուղի վերևում հին քարայրեր կան, որոնց շվաքում նախիրից ետ արած հորթերն են նստում։ Անտաշ քարեր կան, կարգով շարած, շրջանաձև, շրջանի մեջտեղ մի մեծ տափակ քար, որի վրա աղ են շաղ տալիս ոչխարի համար։ Այն մարդիկ, որոնք այդ քարերը ժայռերից պոկել, ցցել են գյուղի վերևը, գուցե ոչխար էլ չեն ունեցել։ Մրոցը դրա մասին չգիտե ոչինչ, միայն հնուց քարակույտերը հայտնի են որպես «Կռապաշտանոց»։

Մրոցը՝ նեղլիկ փողոցներ, փողոցներով առվակներ։ Նախիրը հանդից թրքոտ կճղակները լվանում է փողոցների ջրերում և ամեն առավոտ-իրիկուն ջրերը պղտորվում են, ասես առուներով աղբաջուր է հոսում։

Գյուղի մեջտեղ հինավուրց ժամը, ժամի դռան հարյուր տարվա թրիք։ Ժամի շվաքում մակաղել է ոչխարը, սար գնալուց առաջ աղբ է կիտել, տարիների ընթացքում աղբը հավաքվել է, դիզվել, և բոբիկ ոտքերով