Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/102

Այս էջը հաստատված է

շատ կանայք աղբը կոխ տալով, մոտեցել են ժամի դռան, խաչքարը պաչել։

Գյուղի մեջտեղ, ժամից քիչ հեռու Մրոցի խրճիթ-ընթերցարանն է։ Սովորական մի խրճիթ, որ մարագ էլ կլիներ, ներսում քարերի վրա ձգված տախտակներ, պատերին մի քանի պլակատ։

Մարդի աչքին մի պահ տարօրինակ է թվում, որ «Կռապաշտանոցի» տները կանգուն են մնացել մինչև խրճիթ-ընթերցարանի գալը, թեկուզ խրճիթում լրագրեր քիչ են լինում, որովհետև գյուղում գրաճանաչ քիչ կա։ Հեթանոս կրակարանը, խաչակիր եկեղեցին և նոր խրճիթ-ընթերցարանն ասես հազարավոր դարերի պատմություն գիտեն՝ այն օրից, երբ ապառաժի պես մի մարդ առաջին անգամ երևաց Մրոցի ձորերում, բրդոտ արջին դուրս քշեց քարանձավից, ինքը մեջը պահվեց։

Հարցրեք այդ մասին թեկուզ Մրոցի գիտունին, և նա զարմացած կնայի ձեզ, պատասխան տալ չի կարող, կշաղվի։ Եվ պարծենկոտ կպատմի, թե ինչպես «Նիկոլ թագավորի երեք հարյուր տարվա գոյության ընթացքում» Մրոցը մի զինվոր էլ չի տվել, ծննդյան մատյանները սխալ են գրվել, որ գյուղից ոչ մի մարդ «չգնա Սիբիր, ռուսանա»։ Կպատմեն ձեզ, թե ինչպես ամեն տարի զորակոչին մի քոռ, մի քաչալ ներկայացել են զինվորական ատյան սրա-նրա սուտ անունով, ազատել Մրոցի չոբանին, կամ ինչպես մեկը ծախել է իր ամբողջ կայքը, կաշառք տվել որդուն զորակոչից ազատելու համար։

Էլ ուրիշ զարմանք բաներ կպատմեն Մրոցում, կզարմանաք, եթե իմանաք, որ Մրոցում շատ տներ մինչև այժմ էլ տոնում են մի ուրիշ նոր տարի, որին Նավասարդ են ասում, ինչպես հեթանոս Նավասարդի գիշերը զարթնում են, ճրագները վառում և լուսադեմին ճաշ անում։

* * *

Մեծ դեպք էր Մրոցի համար, երբ մի օր էլ, ձիերի վրա բարձած, մի մեքենա բերին։

Նախագահը գիրկապ անելով կարդաց ստացած գրությունն այն մասին, թե «Ուղարկում ենք մի տրիեր. առաջարկում ենք, նախագահի անմիջական պատասխանատվությամբ, հսկել մեքենային ցնոր կարգագրություն»։ Եվ քանի որ թուղթը կնքված էր կնիքով, գրված էր պատշաճ ձևով, նախագահը բացեց մտից մատյանը և գրեց. «Շրջանից առ այն, որ գյուղումս եկավ մի մաշին ցնոր կարգագրություն»։

Եթե Մրոցի անտառներից հանկարծ մի փիղ դուրս գար և տնկվեր