Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/104

Այս էջը հաստատված է

Ավելի մեծ եղավ նրա զարմանքը, երբ ձեռքը կոխեց մեքենայի ներսը և հանե մի կերպ ծրարած, ծրարը խմորով փակցրած, հասցեն ճրագի վրա չորացրած նամակներ...

ՄԹՆԱՁՈՐԻ «ՉԱՐՔԸ»

Կտուրի վրա նստած մի ալևոր, որ եզան մազոտ կաշի էր քերում և պատմություն անում քարերին նստոտած շինականներին,− երբ կանգնեց փեշերից մազը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ճամփին, ձեռքը ճակատին պահեց, որ արևի շողերը ջրակալած աչքերին չխանգարեն ճամփով եկողներին ավելի լավ տեսնելու։

− Կասես էն մինն էլ կնիկ ա...

Մյուսներն էլ ետ նայեցին, մի պահ մոռացան ալևորի պատմությունը։

− Ի՜նչ էլ անխիղճ մարդ են, ենիշումն (վայրէջք) էլ ձի կնստե՞ն։

− Ձին իրենցը լիներ, նստիլ չէին...

Ալևորը կաշին նորից սկսեց քերել ապակու կտորտանքով, և երբ եկողները պահվեցին դիմացի անտառակում, կտուրի վրա նստողներն առաջվա դիրքն ընդունեցին, ծերի պատմածը լսելու։

− Սաքա՛ն, դու կիմանաս, հըմի նրանց մեջ մի բան չի պատահե՞լ, որ էն անմարդ ձորերով, սարերով մենակ գալիս են,− դարձավ ծերը Սաքանին և ծիծաղեց։

− Դե ջահել են, առանց էդ չի...

− Հա՜, էդ ժամանակ էլ,– շարունակեց ծերունին իր պատմությունը,− ձորում շատ վախ կար։ Այ տղա, դուրս եկա Մթնաձորի գլուխը, աչքիս մի շողք երևաց։ Լուսնյակ էլ գիշեր էր... Հըմի ոչ շողքն ա հեռանում, ոչ էլ ես եմ կարում ետ դառնալ։ Ասում եմ արջ ա, ինձ հլա չի տեսել։ Մին էլ...

Բայց հենց այդ րոպեին կտուրից լսեցին ձիու ոտնաձայն, ետ նայեցին։ Փողոցում կանգնել էր մի կին, տղամարդու գլխարկով։ Կինը պինդ բռնել էր ձիու սանձը, իսկ ձին ոտքով դոփում էր փողոցի թրիքը։

− Բարև ձեզ,− ասաց կինը։ Կտուրի վրա նստողները գլխով թեթև շարժում արին։

− Խորհրդի նախագահը տանը չի՞,− հարցրեց կինը:

Սաքանը, որ մոտեցել էր և ձիու սանձը բռնել, ասաց.

− Չէ՛, խոտատեղից դեռ չի եկել։