Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/107

Այս էջը հաստատված է

– Տանը ղոնաղ կա,–ասաց մայրը, հորթուկին գրկեց հորթանոցը տարավ։ Կովը հորթի հետևից կամաց բառաչեց։

Սաքանը չհարցրեց, թե ով է հյուրը։ Չուխայի փեշերից դարմանը թափ տալով ներս մտավ տան շեմքից և հենց այն էր, որ մի անգամ էլ պիտի թափահարեր չուխան,–երբ գլուխը բարձրացրեց, տեսավ հյուրին, և ձեռքերը բարձրացրած մնացին։

– Ընկեր Ասյան էս գիշեր մեզ մոտ ա մնալու,–ասաց կինը Սաքանին։

Ասյան ժպտաց։

– Էն դո՞ւք էիք, որ կտուրի մոտ ճանապարհը ցույց տվիք։

– Հա՛, ես էի,– ասաց Սաքանը, մոտեցավ բարով տալու և երբ սեղմեց հյուրի ձեռքը, Սաքանին այնպես թվաց, թե նրա ձեռքը նոր ծնած հորթուկի պես փափուկ էր։

– Ի՜նչ լավ հորթուկ է,–ասաց Ասյան։

– Կարելի ա, լավն ա, – պատասխանեց Սաքանը տեղավորովելով նրանից մի քիչ հեռու։

– Էդ էլ մեր դասն ա էլի, ընկեր Ասյա, սերտում ենք,–անկյունից ձայն տվավ Սաքանի կինը, սանդուղից բաժակները հանեց և ավելացրեց.

– Գնացել ա, հորթին պաչել...

Մի պահ երեքով էլ լռեցին: Ասյան կարպետի վրա շորերով քնած փոքրիկին էր նայում, որ կրծոտել էր հացը, մորը սպասել և նստած տեղն էլ քնել։ Սաքանը ունքերի տակից Ասյային էր նայում, նրա սպիտակ բլուզին, թևերին և մատով սրբում կարպետի երեսը, թեկուզ սրբելու էլ բան չկար։

– Տեղավորեցի,– ասաց նանին, շեմքի մոտ հանգցնելով ձեռքին բռնած սև նավթի ճրագը։ Նանին ինչ լավ արեց, որ եկավ և խախտեց լռությունը։

Սաքանը թեթև հազաց, թուքը կուլ տվավ և հայացքը Ասյայի գլխի վրայով դիմացի պատին գցելով հարցրեց.

– Ասիլն էլ ամոթ ա, բա ձեր հետի ընկերն ո՞ւր ա...

– Նա ձորում բաժանվեց, մոտիկ գյուղը գնաց․․․– պատասխանեց Ասյան և տեղում ուղղվեց։ Գետնին նստելու անսովոր էր։ Սաքանի կինը նկատեց այդ, ծայրից մի բարձ հանեց, դրեց նրա մոտ։

− Թիկն տուր,– ասաց։

Երբ Ասյան ուզեց թիկն տալ, ոտքերը մի քիչ մեկնեց և ձեռքով շրշազգեստի փեշերը հավաքեց։ Սաքանը աչքը կարպետի նախշերին