Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/108

Այս էջը հաստատված է

գցեց, չտեսնելու համար այն, ինչ ձին քշելիս էր տեսել։ Միտն ընկավ ալևորի հարցը, թե՝

− Սաքա՛ն, դու կիմանաս, հըմի նրանց մեջ մի բան չի պատահն՞լ, որ սարերով...

Սաքանն ի՞նչ իմանար, գուցե չի՞ էլ պատահել, գուցե հարևան գյուղ գնացող ընկերը Ասյայի եղբայրն է, կամ հորեղբոր որդին։ Ասյան կարպետի փունջերի հետ էր խաղում մատներով, երբ Սաքանը նայեց նրան, ասես ուզում էր ստուգի, թե ում հետ էր սարի ճամփին, գուցե պատահել է մի բան։

− Ուրեմն մշտական շրջում ես գյուղերը, ժողով անում, քարոզ տալիս,−հարցրեց Սաքանը։ Ասյան ծիծաղեց և ծիծաղի միջից «հա» ասեց, գլխով արավ։ Թեկուզ Սաքանը նկատեց, թե ինչ մաքուր էին նրա ատամները և թե գլխով անելիս ինչպես մի փունջ մազ ծամից պոկվեց, ընկավ ճակատին,−տեսավ այդ, և դուր չեկավ Ասյայի ծիծաղը։

Եթե կտուրի վրա եզան կաշի քերող ալևորը այդ րոպեին Սաքանին հարցներ, թե պատահել է մի բան նրանց մեջ, Սաքանը ոչ միայն կասեր, թե.

− Ջահել են, առանց էդ չի...−այլև կհնարեր, կերևակայեր այդ բանի պատմությունը և կտուրի վրա նստոտած մարդկանց կպատմեր նույն եռանդով, ինչպես ալևորը Մթնաձորի մոռացված «չարքի» մասին։

Սաքանի կինը սփռոցը գցեց, շարեց հաց, պանիր, մածուն։ Սաքանը մոտեցավ սփռոցին, հացի լավ տեղերից կտրեց, Ասյայի առաջ դրեց, ուզեց մածնի ամանն էլ դնի նրա մոտ, բայց քաշվեց, ամանը ետ տվավ։

Հաց ուտելիս Սաքանի աչքը Ասյայի փոքրիկ պատառներին էր։ Զարմանում էր, թե ինչպես է ուտում։ Ասյան լավաշի բարակ կտորները ոլորում էր, կծոտում մի քանի անգամ և ծամում, հետո աննկատ կուլ տալիս։ Սաքանը լավաշը երկու կտոր էր անում, մատներով լավաշի վրա պանիր փշրում և հացը կոլոլում, ինչպես խոտի խուրձ։

Երբ որ Սաքանի կինը երեխան տեղավորեց և մոտեցավ սեղանին, սկսեց ուտել, Սաքանին այնպես թվաց, թե իր կինը որոճում է պառավ կովի պես, հացը շաղախում թքի հետ և կուլ տալիս էլ վիզը մի քիչ երկարում։

Սփռոցը հավաքելուց հետո, մինչև Սաքանի կինը տեղաշոր բաց կաներ, մայրն Ասյային հարցուփորձ արեց։ Երբ նա հարցրեց, թե երեխա ունի՞ թե ոչ, Ասյան ծիծաղելով պատասխանեց.

− Նանի, ես պսակված էլ չեմ։