Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/109

Այս էջը հաստատված է

Նանին միայն մտքում ասաց «ոնց թե», և զարմացավ, որ հասակ առած աղջիկը անպսակ է դեռ, երեխա չունի։

− Ես կուսակցության մարդ եմ, նանի, ես իմ տերը չեմ,−ասաց Ասյան, կարծես հասկացավ, որ նանին իր մտքում տարակուսեց, գուցե և կասկածեց նրա վարքի մասին։ Բայց նանին նրա խոսքի իմաստը չհասկացավ, թեկուզ հարսը շտապեց ասելու, թե ինչ է կուսակցությունը։

Երբ որ Սաքանի կինը քաշվելով, գլուխը մի քիչ կախ, սկեսուրին բացատրում էր և աչքի տակով նայում Ասյային, ասես ուզում էր հարցնի, թե ճիշտ է սերտել դասը,−Ասյան ներքին հրճվանքով էր նայում նրան։ Սկեսուրն էլ էր հարսին նայում․ նա և՛ ուրախ էր, որ հարսը կուսակցության մարդ չի, և՛ կասկածոտ, թե չլինի վերջը ժողովներում շատ բան սովորի ու միտքը փոխի։

Սաքանը քուրսու վրա գցած կարպետի ծոպերի հետ էր խաղում, ականջը կնոջ պատմածին։ Եվ երբ կինը ասելիքը վերջացրեց, Սաքանը տեղից վեր կացավ, գոմի ճրագի տեղը հարցրեց և ուսը քորելով գնաց գոմ։

Խոտի վրա աղվամազոտ հորթուկն էր պառկել, լեզվով պռունգներն էր լիզում։ Կովը մերթ խոտ էր ուտում, մերթ գլուխը դարձնում հորթի կողմը, մնչում։ Սաքանը ախոռի մեջ խոտ լցրեց, մի քիչ էլ կանգնեց կովի մոտ, ճրագը ձեռքին։

Երբ տուն եկավ, Ասյան արդեն պառկել էր։ Անկողնու մոտ նրա շորերն էր, միջին սպիտակ շրջազգեստը, որ Սաքանի աչքին ձյունի կիտուկի պես երևաց։ Երբ անցավ նա անկողնի մոտով դեպի սենյակի մյուս անկյունը, ուր իր տեղաշորն էր և երեխայի օրորոցը, քթով դուրեկան մի հոտ ընկավ, կասես մեկը քաղել էր սարի ծաղիկները, սեղմել, հյութը հանել և ջրի պես շաղ տվել քուրսուն, հատակին, ծխից սևացած օճորքին։ Բայց երբ նստեց իր տեղաշորի վրա, տրեխները հանեց, քթովն ընկավ գոմի կծծահոտը, տրեխներին կպած աղբի, հարդի կծծած կտորների հոտը։ Այդ անկյունում չլվացած վերմակի, հազար անգամ քրտինք ծծած շապկի, արևի տակ խանձված չուխի, անլվա մարմնի հոտը կար։

Սաքանը մորը պատվիրեց, որ մանգաղը հազիր անի՝ առավոտ կանուխ կովի համար կանաչ խոտ բերելու։ Շուլալվեց հաստ վերմակի տակ, քունը կամաց իջավ բեզարած մարմնի վրա։ Նրան թվաց, թե օրորվում է ջրի երեսին, վեր ու վար լինում, ջրի երեսին օրորվում է և մի սպիտակ շոր։

Երբ կինը բարձրացրեց վերմակի մի տուտը և մեկնվեց Սաքանի կողքին, Սաքանն աչքերը կիսաբաց արեց, տեսավ, որ ճրագն արդեն հանգել