Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/110

Այս էջը հաստատված է

է։ Նա կամացուկ հարցրեց կնոջը, թե ինչու գլխատակին բարձի տեղ կարպետն է։

– Մեր բարձը նրան եմ տվել,–ասաց կինը և ավելի մոտեցավ նրան։ Սաքանի քթովն ընկավ կնոջ բերանից մի ծանր հոտ, թվաց, թե նրա ատամները ժանգոտել ու փտել էին։ Դարձավ մյուս կողքին, երեսը դեպի պատը և ինքն էլ զարմացավ, թե ինչպես մինչ այդ չի զգացել կնոջ բերանի հոտը։

* * *

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ։

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր։ Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ։

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու։ Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին, եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր։

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում։ Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի խուրձ շալակին եկավ տուն։

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին։ Նա ծիծաղում էր, երբ հորթուկը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ։

Ասյան խոտից մի քանի ծաղիկ ջոկեց, մոտեցրեց հորթին, կովն զգաց այդ, պոչը շարժեց, գլուխն արագ շարժումներով ծռեց։ Եթե ախոռից կապած չլիներ, գուցե և զարկեր գլխով։ Ասյան ետ կացավ, ծաղիկները ձեռքից ընկան։

Թեյը տաքացնելուց հետո Սաքանի կինը ջուր բերեց Ասյային՝ երեսը լվալու։ Թեկուզ Ասյան հակառակեց, ամանը վերցրեց, որ ինքը ջուր լցնի ձեռքին, բայց կինը մերժեց։

Սաքանը կանգնել էր գոմի դռան։ Նա տեսավ, թե ինչպես է լվացվում Ասյան։ Մի քանի անգամ բերանը ջուր առավ, թշերն ուռցրեց, մատով