Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/111

Այս էջը հաստատված է

քսեց ատամներին, ողողեց, ջուրը թափեց։ Սաքանի միտն ընկավ, թե ինչքան վատ հոտում էր կնոջ բերանը։

− Դե ամեն ինչ սովորի յա, մորուց ի՞նչ ա տեսել...

Առավոտ թեյին Ասյան էլի քիչ կերավ։ Մայրը մի կողմից էր ստիպում, կինը մյուս կողմից։

− Կեր, ճանապարհ ես գնալու, կսովես։

Ասյան, ծիծաղելով թե՝

− Իմ կերածը ինձ երեք օր հերիք է։

Նանին զարմացավ և մտքում որոշեց, որ Ասյան վատառողջ է, ներսը փուչ է, երևի մի հիվանդություն ունի, որ շատ չի ուտում։

Հետո Սաքանը գնաց հարևանի գոմից Ասյայի ձին բերեց։ Կտուրի վրա հավաքվել էին մի քանի կանայք։ Ասյան ինչ-որ բան էր ասում նրանց։ Սաքանը ձիու թամբն էր սարքում. նրա ականջին հասավ այն, որ Ասյան խոսք տվավ նորից գյուղ գալու։

Ձին թամքած էր արդեն, երբ կանայք կտուրից իջան։ Ասյան ձեռք տվավ նանուն, կռացավ երեխայի թուշը պաչեց, մոտեցավ, որ ձին նստի։ Սաքանը սանձն էր բռնել։ Ասյան ձեռքը ձգեց թամբին, փորձեց բարձրանա և հենց քիչ էր մնացել, որ ոտքը դուրս պրծնի ասպանդակից, երբ Սաքանը պահեց նրա ոտքը, օգնեց բարձրանա։

Ասյան ցտեսություն ասեց Սաքանին, ձեռք տվավ և իջավ ճանապարհով։ Կանայք ուղեկցեցին նրան մինչև գյուղից դուրս գալը, ձին պահեցին, մի քիչ էլ խոսեցին, հարևան գյուղի ճանապարհը ցույց տվին և բաժանվեցին։ Կանայք ցրվեցին գյուղի փողոցներով։ Ասյան ձիու սանձը պինդ սեղմած, կոշիկի կրունկով զարկեց ձիու կողերին, ձին քայլերն արագացրեց։

Սաքանը մի պահ մնաց տեղում կանգնած, հետո մոտեցավ գոմի դռանը, բայց հիշեց, որ գնալիք տեղը այգին է, ետ դարձավ, իջավ ձորը։

Երբ որ նա Ասյային օգնեց ձին նստելու և ոտքը պահեց, նրան այնպես թվաց, թե մատները խրվեցին մի փափուկ բանի մեջ։ Երբ կռացավ, ոտքն ասպանդակի մեջ դնելու, Ասյայի զգեստի տուտը բարձրացավ, և Սաքանի աչքին ընկավ նրա սպիտակ շորը։

Ամբողջ օրը այգում ջուր արեց Սաքանը։

Ջուրը կապած էր ծառերի տակ և մինչև ջուրը տեղ կհասներ, Սաքանը մեջքի վրա պառկում էր, աչքերը կիսախուփ անում։

Ծառերը ճղներն իրար էին տալիս, տերևները քսվում էին իրար։ Երբ ճղները մի քիչ հեռանում էին իրարից, և ճղների արանքից Սաքանի աչքին