Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/112

Այս էջը հաստատված է

էր ընկնում երկնքի կապույտը, Սաքանին թվում էր, թե ամպը սպիտակ շոր է, որ գիշերով իրենց տանն էր, անկողնի մոտ։

Մութն էր արդեն, երբ վերադարձավ տուն։ Բահը մի կողմ գցեց, գնաց կովին նայելու։ Վերադարձավ տուն, թոնթորաց կնոջ վրա, թե կովին ծարավ է թողել։ Կինն ուզեց ասի, թե ինքը բոստանն է քաղհան արել, տանը չի եղել, բայց տապ արավ, սփռոցը գցեց, շարեց հաց, պանիր, մածուն։

Սաքանը կերավ կուշտ, ուտելիս չծպտաց, գլուխը քաշ պահեց և վերջին պատառը կուլ տալիս բեղի տակ փնթփնթաց.

− Տեղս գցի. էն սրաքարը դիր դռան մոտ, որ առավոտը տանեմ։

Ասեց և գոտին արձակեց։

Երբ գլուխը դրեց բարձին, Սաքանը նորից զգաց այն հոտը, որ Ասյայի շորերից էր գալիս։ Երեկ այդ բարձը նրա գլխատակին էր։

Սաքանը գլուխը թաղեց բարձի մեջ, լայնացած ռունգերով և խոր սկսեց շնչել։ Նրա աչքի առաջ օրորվում էին ուսը, մի սպիտակ շոր, փափուկ ոտքերը։

Կինը ճրագը հանգցրեց և կամացուկ շուլալվեց վերմակի տակ։ Սաքանն զգաց, որ մեջքը տաքանում է, երեսը դարձրեց կնոջ կողմը։ Վերմակի տակ դուրեկան հոտ կար, և երբ Սաքանը գրկեց իր կնոջը, նրան այնպես թվաց, թե իր կնոջ ուսն էլ բաց է, հագին ձյունի պես սպիտակ շապիկ ունի։ Կինը չհասկացավ, թե ինչու այդ գիշեր Սաքանը այդքան մոլեգին էր։ Եվ իր մտքում նա ներեց նրա երեկվա արածը, երբ երեսը շրջեց պատի կողմը։

Կինը մշշալով քնել էր, խրճիթի մի անկյունում նանին էր քնել։ Գիշերվա լռության մեջ գոմի պատի արանքից Սաքանը լսում էր, թե ինչպես է կովը գոմում որոճում։

Միտն ընկավ, թե ինչպես կովն ուզեց հարու տա Ասյային, երբ նա ծաղիկն էր մոտեցնում հորթի դնչին։ Սաքանը հիշեց և առաջին օրը, ինչպես էին նստել կտուրի վրա։ Ծերը պատմություն էր անում, թե ինչպես լուսնյակ մի գիշեր Մթնաձորում «չարք» երևաց, ինչպես չարքը հետևում էր նրան։

− Ես վազում եմ, ինքն իմ հետևից, կանգնում եմ, ինքն էլ ա կանգնում։

Հենց այդ խոսքին էր, որ երևաց ընկեր Ասյան։

Մինչև կես գիշեր Սաքանը կես քուն կես արթուն էր։ Լուսնյակը շողք էր գցել երդիկից, շողքը խաղում էր կարպետի վրա։ Լուսադեմին քնեց։