Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/117

Այս էջը հաստատված է

Ես մտքումս դրել էի նրա հետ որսի գնալ, թեև մինչև այդ որս քիչ էի արել։ Պառավը խոստացավ խնդրել հարևանի կայծքարով հրացանը։

Հենց հաջորդ կիրակի, առավոտ կանուխ, երբ երդիկներից դեռ նոր էր բարձրանում ծուխը, ես և Անտոնը բռնեցինք անտառի ճանապարհը։ Այդ օրը ես չորս անգամ կրակեցի։ Կրակոցից ծառի ճղներից ձյուն թափվեց, բայց իմ վառոդը չխանձեց ոչ մի աղվեսի մորթի։

Անտոնը սիրտ էր տալիս, թե առաջին անգամ այդ էլ շատ է։ Բայց ես տեսնում էի նրա ծաղկատար դեմքի խորամանկ ժպիտը։ Ինքը մի ծեր աղվես սպանեց և երկու մոշահավ։ Ծեր աղվեսն այնքան չարչարեց մեզ։

Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց։ Վրա վազեցինք, աղվեսն ատամները կրճտացրեց, պոչը կոխեց ետևի ոտքերի արանքը և փախավ։ Ձյունի վրա մնացին նրա հետքերը և արյան շիթեր։ Մի քանի տեղ ուժասպառ ընկել էր, արյունն ավելի շատ էր հոսել, և ձյունի վրա թափվել էին մորթու մազերը։

Աղվեսին փնտրելու ժամանակ Անտոնը մի մոշահավ էլ սպանեց։ Միասին վազեցինք դեպի այն կողմը և փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել ու դունչը մոտեցրել էր վերքին։ Նրա կախ ընկած լեզուն արնոտ էր։ Երևում էր, որ լիզել էր վերքի արյունը։ Անտոնն աղվեսին ուսովը գցեց, ես մոշահավերը վերցրի, և մենք վերադարձանք։

Գյուղին չհասած, անտառի քարուտում, չոր ճյուղերի կոտրատելու ձայն լսեցի։ Ինձ թվաց, թե պախրան եղջյուրներով ծառի ճյուղերը դեն է հրում, որպեսզի չոր տերևներ հանի ձյունի տակից։ Ետ նայեցի։

Ութ-տասը տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին։ Մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին։ Նրանք մեզ ավելի վաղ էին տեսել և կանգնած նայում էին։

Ահա այդ դեմքն է, որ մեխվել է հիշողությանս մեջ, թեև այն օրից անցել է տասներկու տարի և այն էլ ի՜նչ տարիներ։

Ընկերս լռեց, ես նրա դեմքին տեսա երանության նույն ժպիտը, ինչպես աոաջին անգամ, երբ մենք դեռ բարձրանում էինք արահետով։ Ասես աչքի առաջ, ձյունոտ անտառում տեսնում էր աղջկան, ձեռքին չոր ցախը։

− Տեսա ու կանգնեցի,− դանդաղ շարունակեց նա,− և թեպետ Անտոնն ասաց, թե ում աղջիկն է, ասաց, որ ցախի են եկել, բայց ես նրան չէի լսում։ Հիշում եմ, որ մի անգամ էլ երբ բացուտն անցանք և իջնում էինք գյուղի կալերի վրա, ետ նայեցի։ Չգիտեմ աղջիկը ժպտաց թե չէ,