Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/119

Այս էջը հաստատված է

Այդ օրն այնքան ուրախ էի։ Օհան ապերն էլ նկատեց իմ ուրախությունը և ծիծաղելով ասաց, թե վիզը ծուռ Անտոնի հետ անտառում երևի մի օյին ենք սարքել։ Ընթրիքից հետո բուխարու մոտ երբ նա ննջեց, ես արագ թերթեցի նրա շարականի գիրքը, բրդե թելը ուրիշ թերթի արանքում դրի, որպեսզի առավոտյան Օհան ապերը զարմանա, թե ե՞րբ կիսեց շարականի հաստ գիրքը, կարդա ու կասկածով նայի մեկ ինձ, մեկ՝ Աշոտին։

Ձմեռվա ընթացքում Խոնարհին երկու անգամ տեսա։ Մի ամիս հիվանդ էր և առողջացավ բարեկենդանի տոներից առաջ։ Ես շատ անգամ էի նրա մասին հարցնում նրա քրոջից: Եվ ամեն անգամ տարբեր պատրվակով, հեռվից հեռու, շատ անգամ իբրև թե պատահաբար, մեջ բերելով ուրիշ խոսք։

Դժվար էր միշտ պատրվակ գտնելը։ Հիշում եմ, երեք օր տեղեկություն չունեի, քաշվում էի հարցնել։ Հանկարծ փոքրիկ աղջիկը գնար և տանն ասեր... Չորրորդ օրը սովորականից շուտ եկա դպրոց։ Քույրը դեռ չէր եկել։ Կանգնել էի մուտքի դռան մոտ։ Աշակերտները վառարանի կողքին տաքանում էին։ Աչքս բլրակին էր։ Հանկարծ երևաց քույրը, ինձ տեսավ և կարծեց, թե հանդիմանելու եմ ուշանալու համար։ Աղջիկը քայլերն արագացրեց և ինձ երբ հասավ՝ շնչակտուր ասաց.

− Խոնարհն արդեն վեր է կացել...

Հետո ես իմացա, որ նա դեռ չորս օր պառկել է։ Աղջիկը սուտ էր ասել:

Բարեկենդանի մի օր Խոնարհին տեսա։ Մեր դիմացի կտրան աղջիկները խաղում էին, իրար ձյունով տալիս և երգեր ասում։ Շատերի ձեռքին խնձոր կար։ Նրանք նոր շորերով էին՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Նրանց մեջ էր Խոնարհը, նրա հագին երկար զոլերով կարմիր չիթ էր։ Ձեռքերը պահել էր գոգնոցի տակ, կանգնել կտուրի ծայրին և նայում էր ավելի փոքրահասակ աղջիկներին, որոնք զվարթ ծիծաղով իրար հրմշտկում էին և վազվզում կտուրների վրա։

Պատշգամբից ես նրան գունատ տեսա և մի քիչ նիհար: Նոր շորերի մեջ նա երևաց ավելի բարձրահասակ, մեջքը բարակ։ Կապույտ գոգնոցի թելերը մեջքին հանգույց էր արել։ Պատահմամբ նայեց պատշգամբի կողմը, տեսավ ինձ, հեռացավ կտուրից և խառնվեց աղջիկների խմբին։

Նորից տեսա Խոնարհի սպիտակ դեմքը, նրա մանրիկ աչքերը։ Կարմիր շորերով այդ աղջիկը ինձ թվաց որպես մի բարձրահասակ երեխա՝ գլխին նույն բրդե շալը, ինչ որ առաջ։ Տուն մտա, նրան չխանգարելու