Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/12

Այս էջը հաստատված է

առաջ քրմուհու պես չոքած գեղջկուհու և կորեկի արտում մանգաղը հուսահատ շարժող հնձվորի դրամաները։

Պատմվածքում երկու տեղ՝ մեկ սկզբում, մեկ վերջում, Բակունցը դիմում է հետևյալ մետաֆորին. «Ծաղկեփոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»։

Զուգահեռ անցկացնելով բնության և մարդկային կյանքի միջև, այդ հազվագյուտ իմաստալից պատկերով Բակունցը հերքում է նման մակերեսային պատկերացումները կյանքի մասին, կյանքի հիմքը համարելով բարդությունն ու անվերջ կրկնվող հակասությունները։

3

«Մթնաձորից» ուղիղ վեց տարի հետո, 1933 թվականին, Հակոբ Կոջոյանի ձևավորումով լույս տեսավ Ակսել Բակունցի մյուս նշանավոր ժողովածուն՝ «Սև ցելերի սերմնացանը», ուր նոր պատմվածքների կողքին տեղ գտան նաև մթնաձորյան շարքից մի քանի վերամշակում։ Նոր ժողովածուն թեև շարունակում էր «Մթնաձորի» թեմատիկական-աշխարհայացքային գիծը, սակայն որոշ առումով էլ զարգացնում էր դա՝ հայտնագործելով մարդու «ժողովրդական կերպը»։ Մինչ «Մթնաձորը» հիմնականում ներկայացնում էր հայ գյուղի կենցաղանկարը, իհարկե, նաև այդ կենցաղի բանաստեղծական խորքերով, ապա «Սև ցելերի սերմնացանի» բովանդակության տիրապետող շեշտը ժողովրդի աշխարհազգացողության և բնավորության գծերի բացահայտումն է, այսպես ասած՝ «էպիկական կերպարների» վերստեղծումը։

30-ական թվականների բակունցյան քննադատական նոթերի մեջ հայտնվում է մի «անակնկալ» եզրակացություն, որը «անուղղակի» կերպով բացատրում է նաև իր ստեղծագործության ներքին կառուցվածքը։

Դառնալով զարգացման հեռանկարին, Բակունցն ասում է. «Որտե՞ղ է ճշգրիտ ճանապարհը։ Վերադարձ դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործություն։ Ես նկատի ունեմ ոչ թե վերադարձը ղեպի ժողովրդական ստեղծագործության աղբյուրները, դեպի բանահյուսությունը, այլ ժողովրդական կյանքի իսկական և նոր ակունքները»։

Բակունցն իր այս հրահանգով ամենևին էլ նկատի չուներ բանահյուսական նյութերի և ձևերի, սյուժեների և արտահայտման եղանակների կիրառությունները։ «Ժողովրդական ստեղծագործության նոր ակունք» բակունցյան բանաձևը նշանակում էր աշխարհի և պատմության հանդեպ