Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/120

Այս էջը հաստատված է

համար, որովհետև մյուս աղջիկները քչփչացին, փոքրահասակներից մի քանիսը, որոնք դպրոցում սովորում էին, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից։

* * *

Անտառն արդեն վերջացել և սկսել էր լեռնային փարթամ մարգագետինը, որի հատուկտոր թփերը ապացույց էին, թե ժամանակին մարգագետնի սևահողում աճել է կաղնին։

Կանաչների միջով հոսում էր գետակը, որի ակունքները անտառի մթին ձորերի աղբյուրներն էին։ Դրա համար էլ գետակի երեսին, կանաչ խոտերի հետ լողում էին և չոր տերևներ։

Ձիերը հոգնել էին։ Լեռնային կանաչը գրավիչ էր և՛ մեզ, և՛ հոգնած ձիերի համար։

− Իջնենք, ձիերը թող հանգստանան,− ասաց ընկերս։ Ձիերը լեզվով դուրս հրեցին սանձի երկաթները և ագահությամբ պոկեցին խոտը։ Մենք պառկեցինք գետակի ափին, խոտի վրա։

− Օհան ապերը գրքեր շատ ուներ, հին գրքեր։ Մի կիրակի պատշգամբում նստած կարդում էի նրա գրքերից մեկը, կարծեմ Հուստինյանոս թագավորի մասին։ Ձյունը դեռ չէր հալվել, բայց երևի ջերմությունն արդեն զգացնում էր, որ գարունը հեռու չէ։ Այդպիսի օրերին կատուն էլ հեռանում էր թոնրի տաք քարից և աչքերը փակած փռվում արևի տակ։

Մեկը բարձրանում էր սանդուղքով։ Գլուխս վեր հանեցի։ Գիրքը ձեռքիս դողաց։ Կողքիս կանգնել էր Խոնարհը և մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ։ Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել։ Դրանից էր, որ գրքի տառերը շաղվեցին և գիրքը դողաց։

− Հայրս խնդրում է ճաշին գաս մեր տունը։

Ինքս էլ չիմացա թե ինչու պատճառ բանեցի գիրքը, ասեցի, որ չեմ կարող գալ։ Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած բակից կրկնեց հոր խնդիրը։

Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի։ Անելիքս չգիտեի։

Փորձեցի տետրակներն ուղղել, չկարողացա։ Օհան ապերը եկավ և մինչև իրիկուն միասին էինք։ Այդ օրը ես նրա հետ գոմը գնացի կովերին խոտ ու դարման տալու։

Չգիտեմ ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքան սիրուն է, ինչպես այն տարին։ Քարերն էլ էին շնչում գարնան բույրը։ Անտառի