Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/121

Այս էջը հաստատված է

հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր։ Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր։

Ձորակներում հիմա էլ կան այգիներ։ Գարնանը ուռել և հասել էին խնձորենու բողբոջները։ Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ, որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթերը և ձորակները բուրեին։ Հեռվից ծաղկած ծառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված, ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն։

Գյուղի փողոցներից արևը գոլորշիացնում էր աղբաջուրը, կովերը ջրի գնալիս շլանում էին արևի լույսից, մնչում էին արջառները, հոտոտում, դեսուդեն վազում և ոտքերով փորում թաց գետինը։ Եվ ինչ դժկամությամբ էին նրանք ներս մտնում գոմի ցածր դռնակներից։

Գարնան արև օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիս է։ Դպրոցն արձակելուց հետո նույն ճանապարհով պիտի վերադառնամ և էլ երբե՛ք, երբե՛ք չպիտի տեսնեմ Ձորագյուղը։

Նրանց տունը չգնալու համար փոշմանել էի։ Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել։ Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ։

Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես։ Ես էլ էի պատրաստվում, և աշակերտները սովորում էին երգ ու ոտանավոր։ Հետո մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ։ Աշակերտներին պատվիրել էի, որ շատ մարդու կանչեն։ Եվ ամեն անգամ աչքս նրա քրոջ կողմն էր։

Կիրակին եկավ։ Գուցե և ոչ մի տարի այդ օրը այնքան բազմություն չէր հավաքվել գյուղի դպրոցում։ Բաց պատուհաններով գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բույն էին թռնում աշխույժ ճռվողյունով։ Նրանք էլ էին զուգվել և այնպես փայլում էին սարյակների սև փետուրները։

Բազմության մեջ ես միայն մի գլուխ էի տեսնում, այս անգամ առանց շալի, մազերը կիսած և խնամքով սանրած։ Եվ ի՜նչ բարակ էին նրա շրթունքները։

Ընդմիջումից հետո հանդեսի երկրորդ մասը պիտի սկսվեր մի բանաստեղծությամբ, որ արտասանելու էր նրա քույրը։ Կարպետը շարժվեց, բեմի հետևում երևաց Խոնարհը, իր գլխի սանրով կոկեց քրոջ մազերը։

Մանկան զիլ ձայնով և համարձակ փոքրիկ աղջիկը ինչ-որ բան էր