Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/123

Այս էջը հաստատված է

մարդ և՛ Օհան ապոր, և՛ Աշոտի, և՛ պառավ նանի համար։ Բակում ձիապանը բարձում էր իրերս, նանին պայուսակի մեջ դարսում էր գաթա և ճանապարհի պաշարը։

Խոնարհին մի քանի օր չէի տեսել։ Ինձ թվում էր, թե ես նրան էլ չեմ տեսնելու։ Եվ մի անգամ էլ տեսնելու պահանջը ինձ ստիպեց արագ-արագ անցնել գյուղի փողոցներով, մի վայրկյան կանգ առնել նրանց տան առաջ և բաց դռնով նայել բակին։

Խոնարհին բակում չտեսա։ Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին, արտերում սկսվել էր քաղհանը, այս ու այն սարալանջից լսվում էր հորովելի ձայնը։ Մի տեղ աշունքվա մուգ-կանաչ արտերն էին, մի տեղ գարնան սև ցելը։

Օհան ապերը մի քանի խրատներ կարդաց։ Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա։ Նանին ձիապանին պատվիրում էր ինձ լավ տանել և զգույշ մնալ, որ պայուսակը չընկնի, միևնույն ժամանակ գոգնոցով սրբում էր թափվող արցունքը։

Անցանք փոքրիկ ձորակը, աղբյուրը և ուռենու հաստ նովը, ուր ձմեռը կովերը ջուր էին խմում։ Ահա և Օհան ապոր այգու դռնակը։ Արագ բարձրացա ձորակով, դռնակը բաց արի, մոտեցա այգու կապույտ քարին, ցանկապատի հետևը մարդ չկար։ Այգում խաղաղություն էր, ծաղկաթափ էին ծառերը և բողբոջների փոխարեն նշմարվում էին կանաչ ու մանրիկ պտուղները։

Դպրոցի մոտ երեխաները խմբվել էին։ Նրանք ինձ տեսան և իջան բլրակով։ Որպիսի՜ միամիտ պարզությամբ նրանք ինձ բարի ճանապարհ ասեցին։ Մի քանիսը ծաղիկներ էին բերել։ Հենց որ մեկը ինձ մեկնեց ծաղիկը, մյուսներն էլ նրա օրինակին հետևեցին։

Աղջիկներից ոմանք լաց եղան։ Նրանք և՛ ժպտում էին, և՛ ժպիտի հետ սրբում էին արցունքը, որ ծորում էր աղբյուրի պես։ Լաց էր լինում և Խոնարհի քույրը։

Մեկը թե՝ «Ուսուցիչ, մեզ չմոռանաս»։ Լավ հիշում եմ Ճուտիկին, որը միշտ դպրոց էր գալիս հոր մեծ փափախը գլխին և երկար, հնամաշ տրեխներով։ Որբ էր Ճուտիկը, լռիկ-մնջիկ մի երեխա, որին բոլորը սիրում էին։ Խմբի մեջ Ճուտիկն էլ էր։ Մյուսների պես նա մոտեցավ ձեոք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, քիչ մնաց ընկներ։ Ճուտիկը փաթաթվեց ծնկներիս։ Մեծ փափախի տակից տեսա նրա խելոք աչքերը։ Եվ այնքան խեղճություն կար Ճուտիկի աչքերում։

Ձիապանի կանչը ինձ հիշեցրեց, որ ժամանակն է հրաժեշտ տալու։