Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/127

Այս էջը հաստատված է

էր։ Թողնում էր խոսակցին, բահն առնում և առվի հետ գնում, թեկուզ գնալն էլ միտք չունենար։

Հեռու չէր գնում։ Նստում էր առվի մոտ, նայում ջրի հանդարտ հոսանքին, չոր ծղոտներին, որոնք գալիս էին հեռուներից և ջրի հետ գնում։ Նայում էր առվի եզերքին բուսած կանաչին, և մտքերը նորից հանդարտվում էին։

* * *

Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա,—Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

Ջրտուքի այդ գիշերներին լուսինը շողք էր գցում առվի մեջ, ջրվորի պողպատ բահի վրա, արծաթ փայլով պսպղում էին սերկևլու տերևները, հովից հասկերը քսվում էին իրար, խշխշում։ Ամայի արտերի միջով անցնում էր Լառ-Մարգարը, ջուր տալիս ծարավ հասկերին։

Լուսաբացին արտատերը արտը ջրած պիտի տեսնի, պիտի ժպտա և կռանա, մատներով տրորի թաց հողը, տեսնի՝ խո՞րն է ծծել ջուրը, Լառ-Մարգարը ջուրը վարար չի կապել։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձյունի գնդերի պես, շառագունում էր արևելքը, արևի առաջին շողերը խաղում էին ամպերի հետ, ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավրի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Արևի աոաջին շողերի հետ գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից, արտերից ու այգիներից գիշերվա խոնավությունն էր գոլորշիանում։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը, նայում արևին, որ կեսօրին, երբ արևը թեժանա, նորից խոնարհեն։

Լառ-Մարգարը գիշերվա ջրտուքից բեզարած պառկում էր բարդիների տակ, ոտն ու ձեռը փռում, լայն ու հանգիստ։ Բարդիների մոտ հերվա չորացած գերաններ կային, փչակով գերաններ։

Եվ երբ Լառ-Մարգարը պառկում է գերանների մոտ, բարդիների