Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/129

Այս էջը հաստատված է

դեմքեր։ Գյուղերը խառնվել էին իրար, ճանապարհին նոր խմբեր էին միանամ քարավանին, նորեկներից հարցնում էին ետ մնացած հարազատների մասին, հարցնում էին գնալիք ճանապարհի մասին։ Եվ ոչ ոք հաստատ ոչինչ չէր ասում, մարդիկ կասկածից ավելի էին շվարում։

— Մա՛րդ, թոնրին քարը մոռացա վրա դնել,— ասաց պառավը սայլի վրայից։

Լառ-Մարգարը որդու մասին էր մտածում ամեն անգամ, երբ սայլին նայելիս տեսնում էր կնոջը՝ թոռանը գրկած։

— Ամուր նստե, նայե, Թորոսիկը չմրսե...

Թորոսիկը մերթ քնում էր տատի գրկում, մերթ զարթնում, զարմացած հարցնում.

— Պապե՛, դհա կերթանք... Հո՜ ա՛ս ինչ երկեն գացինք, պապե...

Եվ երբ պապից պատասխան չէր ստանում, Թորոսիկը խռովկան էր դառնում, շրթունքը կախում, նայում սայլի վրայից գլխիվայր կախած հավերին։

Սայլը ճռնչաց շաբաթներ, փոշին ճամփի վրա անպակաս էր գիշեր-ցերեկ։ Ուրիշ ջրեր էին, ուրիշ երկրներ։ Մարգարը, ինչքան էլ խմում էր, ծարավը չէր հագենում։

Երբ շունչ առան մի ամայի ավազուտում, ոչ սայլ կար, ոչ զույգ եզները։ Փոքրիկ կապոցներ էին մնացել, Թորոսիկի երեսն արևն այրել, մաշկահան էր արել։

Պառավի մազերի վրա ճամփի փոշին նստել էր, մազերը դեղնել, աղտոտ գույն էին ստացել։ Մարգարը տեսավ, որ աղետը կնոջ դեմքին նոր ակոսներ է ծրել։

...Լառ-Մարգարը երբ «քեֆսըզ եմ» կասեր և ծիրանուտի տակ պառկած՝ ցերեկվա շոգին ծիրանի ճղների արանքով կնայեր երկնքի կապույտին, ամպի սպիտակ քուլային, որ ճերմակ լաթի պես մեկ սուզվում էր, մեկ էլ պռունկները հանում, թռչուններին, որոնք բարձրում պտույտներ էին անում և հազիվ երևում սև կետի չափ,— Լառ-Մարգարը մտաբերում էր հարավի ավազուտները, շարվեշար վրաններ, վրանների վրա գունավոր լաթեր, որ տարագիրները բերել էին հեռավոր գյուղերից։ Ավազուտի մեջ հատ ու կենտ ծառեր կային, որ Մարգարի աչքին մեծ ավելներ էին թվում՝ խրված ավազի մեջ։

— Քար պիլա չկա, աս ու՞ր բերին մեզ,—գանգատվում էր Մարգարի կինը, որ ամեն իրիկուն իր տան բանալիներին նայելիս ափսոսում էր հավերին, տանը թողած իրերը։

− Գիտենայի նե, հետս կառնեի,—ասում էր։