Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/132

Այս էջը հաստատված է

Այդ երկրի համար Մարգարը Թորոսիկից և ծիրանի կորիզներից բացի ուրիշ ոչինչ չուներ ընծա տանելու:

Նավը օրորալով ալիքներն էր ճեղքում իր սուր քթով, ալիքները հեռանում էին մի պահ, հետո մոտենում, զարկում նավին, փշրվում կոհակների։

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել, նայեց և իր հին տան բանալիները կամացուկ հանեց գրպանից, տրորեց բռի մեջ, նետեց ծովը։ Փոքրիկ օղակներ ելան նետած տեղից, օղակները լայնացան, հալվեցին, մի մեծ ալիք եկավ, ծածկեց բանալու ընկած տեղը: Բանալիներն արդեն սլվել, ընկել էին անդունդ։

Լառ-Մարգարը ոչ ոքի չասեց, թե ինչու արցունքներ երևացին աչքերին, երբ առաջին անգամ գնացքի պատուհանից Արարատի ձյունոտ գագաթը տեսավ։ Այդ երկրում պիտի ծլեին ծիրանի կորիզները։

...Եվ եթե մեկը հերթից դուրս ջուր էր գողանում, զայրանում էր Լառ-Մարգարը, խրատում.

— Ծառդ պտուղ չի տա, յավրիս...

Եթե իր խոսքին կասկածող էր լինում, և Լառ-Մարգարն ասում էր, թե՝

— Էս հասակս քաշեր, նո?ր պիտի սուտ խոսիմ,—իհարկե գյուղում շատ քչերն էին իմանում, թե ինչ դառնությամբ է Լառ-Մարգարը այդ հասակը քաշել։

Իսկ եթե մեկին մի լավություն էր ուզում անել, Լառ-Մարգարը ժպտալով ասում էր.

— Կեցիր, ծիրաններս բոյովանան, քեզ մեկ հատ պիտի տամ։ Նայե՛, ենտոր համեղ են։ Աստեղվանքը հիչ չկա իմինիս պես ծիրանի։

Լառ-Մարգարի փոքրիկ, ջրակալած աչքերում փայլատակում էր մի մեծ հրճվանք, մանավանդ, երբ գարնան ջրտուքին, առվի բանդը սարքելու համար դպրոցի մոտովն էր անցնում և ցեխապատի ճեղքից նայում, թե ինչպես դպրոցի բակում վազվզում են երեխաները, խաղում, կանչում, և երեխաների հետ խաղում է Թորոսիկը։

Իսկ դպրոցից մի քիչ հեռու, իրենց տան առաջ ծիրանու տունկերն են ձգվում արևի տակ...