Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/133

Այս էջը հաստատված է
ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ
Արփենիկ Չարենցի հիշատակին

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում, և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռության կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփորում գլխով անցածը։

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները