Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/135

Այս էջը հաստատված է

գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը։

Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ։

Երր նրանք հասան վրաններին, շները հարձակվեցին ձիավորների վրա։ Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։ Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա։ Երրորդ ձիավորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել։ Շները հաչելով մինչև բերդի պարիսպները ուղեկից եղան ձիավորներին, հետո իրար հետ խաղալով վերադարձան։

Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում, նայում, չափում, ինչ-որ գրում, ոտքով փորում հողի փլվածքը, բաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը։ Նա բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և բարձր կանչեց, երբ բուրգի անկյունում, քարի վրա տեսավ փորագիր խոսքեր։

Երրորդ ձիավորը−որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր—հնագետի կանչից վեր թռավ։ Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն։

Ֆետրե գլխարկով մարդը նկատեց պարիսպների փլվածքը, սրածայր բուրգը և պատերի հետքերը։ Բերդի մուտքը նկարելիս, մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետև նրա ոտնաձայնից մի անգղ կռնչյունով թռավ բնից, պտույտներ արեց բերդի գլխին։ Նրա ձայնին մյուսներն էլ հավաքվեցին։

Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։ Եվ երբ հնագետը բուրգի ծայրից կանչեց, թե ինքը գտել է Բակուր իշխանի դամբանը, նկարիչը չհասկացավ նրա խոսքը։ Աչքն անգղների պտույտի հետ էին, նրանց թևերի հզոր շարժումի, կեռ ու արնագույն կտուցների հետ։ Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտույտում։ Մի պահ մատիտը ձեռքին մնաց և չնկատեց, թե ինչպես գլխարկը սահեց և ընկավ, քարի վրա։

Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին։ Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անելիս։ Եվ երբ պահակին հարցրեց, թե ո՞վքեր են եկվորները, ի՞նչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը