Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/137

Այս էջը հաստատված է

չիմացավ սունկը թողնի՞ կրակի վրա, վազի մոր հետևից, թե՞ սունկն էլ հետը տանի։ Երբ վրանի մոտ նա լսեց մոր բոբիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոցը, տղան սիրտ առավ, խորոված մի սունկ հանեց մոխրից և դրեց օջախի քարին։

Մայրը ներս մտավ, գլխի շորը մի քիչ իջեցրեց աչքերի վրա, մոտեցավ և վրանի անկյունում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հյուրերին։

Երրորդ ձիավորը հնագետի պայուսակից կոնսերվ հանեց։

− Մենք սոված ենք, քույրիկ։ Թե մածուն ունես, տո՛ւր, համ էլ թեյ գցիր։ Շաքար ունենք...— ասավ նա։

Կինը մոտեցավ օջախին, տղայի սունկերը դեն դրեց, կռացավ ու փչեց մխացող աթարներին։ Նրա գլխի շորը ետ ընկավ, ֆետրե գլխարկով մարդը տեսավ կնոջ սպիտակ ճակատը, սև մազերը և նույնքան սև աչքերը։

Նրա հայացքը սևեռած մնաց մխացող օջախին, մոխրի մոտ չոքած կնոջը։ Ո՞րտեղ էր տեսել նա նման մի դեմք, բարձր սպիտակ ճակատ և մուգ մանիշակագույն աչքեր։ Երբ կինը վեր կացավ, եռոտանի կասկարան բերեց օջախի վրա դնելու, հանեց ծխից սևացած թեյամանը, նկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը և մոխրի փոշին ունքերի վրա, մազերի վրա։

Ինչքա՜ն շատ ժամանակ էր անցել այն օրից։ Եվ մի՞թե հնարավոր է այդքան նման երկու դեմք, նույնիսկ նույն շրթունքները։ Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր։ Բայց աչքերի ձևը նույնն էր, ինչ որ մյուս կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ։

Կինը թեյի պատրաստություն էր տեսնում, անխոս և արագ շարժումներով։ Ամեն անգամ, երբ նա կռանում էր, բարձրանում կամ բոբիկ ոտքերով քայլում էր խսիրի վրա, զրնգում էին նրա թևերի արծաթագույն սուրմաները, փոքրիկ զանգակների ձայն հանում։ Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։

Այն կինն էլ ուներ խշխշան շորեր, հագնում էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որ երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ։ Հեռու էր, շատ հեռու։ Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում է այն ծովին, որի ափին, ավազի վրա, մի օր նստել էին՝ կինը և նկարիչը։

Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը։ Հնագետը սփռոցից ու պղնձե ամաններից գլուխը չէր բարձրացնում։ Տղան սունկը կերավ և աչքերը սևեռեց կոնսերվի փայլուն տուփին, սպասելով որ դատարկեն։ Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփը մեկնեց տղային։