Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/141

Այս էջը հաստատված է

Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում։ Աչքերը լայնացան, նա գունատվեց։ Մայրը նայեց տղային, հրդեհվեց դեմքը, հայրը աեսավ կնոջ դեմքի կարմիրը։ Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին։

Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվեց։ Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց։ Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու։

Տղան դատարկ տուփերը ձեռքին հետևեց նրան և պահվեց մոր փեշի տակ։ Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերավ կորեկ հացը և փափախը գլխի տակ, մեկնվեց խսիրի վրա։

Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ։ Օջախներում հանգավ կրակը, եղավ խավար գիշեր։ Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ։ Ոչխարը պառկեց կանաչի վրա։ Խսիրի վրա մեկնվեց և կինը, թաղիքի տակ ծածկելով տղային։

Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։

Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ․․․

1925−1927