Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/142

Այս էջը հաստատված է
ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ
ԾԻՐԱՆԻ ՓՈՂԸ

Ես թերթում եմ ուղեգրությունների իմ տետրը և նրա էջերի արանքում գտնում եմ սուսամբարի երկու տերև՝ չոր ու գորշ, ինչպես հանգած մոխիր։ Կռանում եմ թղթի վրա, ռունգերս լայնանում են սուսամբարի հոտից ու դողալով թերթում եմ տետրը․․․ Հետո պատից վերցնում եմ ծամի նման պիրկ մտրակը։ Ես շոշափում եմ մտրակը, և Ցոլակը խելոք աչքերով նայում է ինձ, նայում է և հանդիմանում։ Ինչո՞ւ էիր մտրակում։ Մտրակը դառնում է սև օձ, որ զարկում էր ձիու ողորկ մարմնին։

Ես նորից եմ թերթում իմ տետրը, և սրտիս վրա իջնում է անդորր։ Ցոլակը կայտառ վրնջում է, խաղացնում ականջները։ Անընդհատ բարձրանում ենք, անցնում առապար ու քարափ։ Քրտնած ձին մռութը կոխում է ջրերի սպիտակ փրփուրի մեջ և սանձերի երկաթների միջով ծծում սառցահամ ջուրը։ Ինչքան վեր ենք բարձրանում, այնքան մոտ է արևը, և արևը խանձում է դեմք, զգեստ, ձեռք,— այնքան սառն են ջրերը, օդը ջինջ և լսելի է ծաղիկների մեջ մոլորված մեղվի հանդարտ բզզոցը։

Ցոլակը վրնջում է և արագացնում քայլերը։ Ճանապարհը լայնանում է։ Ահա մի արտ՝ քարե պատով։ Նոսր հասկերը սվսվում են լեռան հովից։ Գյուղը մոտ է, ձին փռռացնում է ռունգերը և խայտալով կրծում սանձը։

Ճանապարհից վերև, բլուրի լանջին մեկը ջրում է մուգ-կանաչ առվույտը։ Ես լսում եմ, թե ինչպես առվի ավազի մեջ զրնգում է նրա ծանր բահը։ Իսկ երբ բարձրացնում է բահը, արևը լուսավորում է բահը և թվում է, թե ջրվորի ուսին բռնկված ջահ է։

— Սա՞ է Ձյանբերդի ճանապարհը...