Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/143

Այս էջը հաստատված է

Ջրվորը բացականչում է ոչ «հա», ոչ «հո»։ Հարցս կրկնում եմ։ Մարդը բահը խրում է առվի ավազի մեջ և գալիս է դեպի ինձ։ Ինչքան մոտենում է ջրվորը, այնքան ավելի բարձրահասակ է երևում։ Ես նայում եմ նրա բաց կրծքին. թվում է, թե նրա ձայնը պիտի խրոխտ թնդա։ Ջրվորը լայն ու ծանր ձեռքը մեկնում է ինձ, ասում է «մեր աչքուն» ու ձեռքը տանում դեպի ճակատը։

Ամենևին էլ խրոխտ չի նրա ձայնը, այլ բարակ ու քաղցր։ Ծերունի է. սպիտակ են ոչ միայն բեղերը և ունքերը, այլև կրծքի մազերը, որ հիշեցնում են խճճված մացառուտ։

Հարցս կրկնում եմ։

− Հա,− ասում է,− մըր գուղն ի... Իդա դար լե շրջվի․․․− ու գրպանից հանում է ծխախոտի քիսեն։ Առաջարկում եմ գլանակ։ Նա ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է նրա համար, սակայն վերցնում է և դնում ականջի հետևը։ Ապա ոլորում է մատի չափ հաստ «ծգարան»։

− Յոնջան քո՞նն է։

Նա կուշտ ծծում է ծխախոտը, կուրծքն ուռչում է, չոր կաշվի նման ճռռում են թոքերը։ Ռունգերից և բերանից ծխի քուլաները բաց թողնելով, գլխով է անում։

− Վարկայության նախակահ բերեց հերու։ Անուշ բուս է։ Ինա կուտ (ցորեն) լե մեր է, − գլխով նշան է անում քարոտ սարալանջի կողմը, որտեղ կանաչին են տալիս ցորենի մանր արտերը։ Ես դժվարանում եմ որոշել նրա արտը, բայց գիտեմ, որ ջրվորը հեռվից ճանաչում է նույնիսկ իր արտի կարմիր պուտերը։

− Մըր բախտ կապած ենք գդալ ջրի... Մըր հողեր լե ցըրվուկ։ Է՜հ, հացի տեղ արուն շատ կերանք։ Հիմա որ սերմ թալինք, սերմ վերունք, էլի գոհություն։

Նրա ուսից կախված է հարդի տոպրակը։ Տարվա այս ժամանակ նրան ինչի՞ է պետք հարդը և ինչո՞ւ է տոպրակը ուսից կախ։

Նա ինձ պատասխանում է, որ ինքը գյուղի ջրբաժանն է և գիշերները առուների ջրերն ինքն է բաշխում մանր և ցրված հողակտորների վրա։

− Իսկ հա՞րդը։

Հարդը ջրաչափն է։ Ջրբաժանը ոսկեգույն հարդը շաղ է ասպիս առուների ջրերի վրա և որոշում հոսանքի արագությունը, ջրի ծավալը։

− Մուրո՜ո... Մո՜ւ...րո՜ո,−վերևից լսվում է մի զիլ ձայն,−ջուր խլսա՜վ։