Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/144

Այս էջը հաստատված է

— Տղա լաո՜...

Ծերունին առավ բահը ու վազեց վերև, երևի ջրի բանդը։

Հետո ես և Ցոլակը շրջեցինք «դարը», իջանք ձորակը, նորից բարձրացանք, և սարահարթի վրա երևաց լեռնային գյուղը՝ առանց ծառերի, առանց այգիների, օղակված կանաչ մարգագետիններով և թաց առուներով, որոնց ջրերը արևամուտին վարարում են, կես-գիշերին աղմկում խոր ձորերում, իսկ երբ արևը զարթնում է, լռում են՝ լեռան սառույցներից իջնող այդ առուները։

* * *

Սպիտակ եզան հետ մտանք բակը։ Եզը գնաց դեպի միակ դուռը, որի ճակատին փակցրած էր աղբ, աղբի վրա՝ ձվերի ներկած կճեպներից խաչ։ Եզը միակ դռնից ներս մտավ, և մենք՝ նրա հետևից։ Գնացինք մութ միջանցքով, ապա մի դուռ բացվեց դեպի ձախ, մթնի մեջ կորավ սպիտակ եզը, նրա հետևից իմ հոգնած ձին, որ լեռների մաքուր օդից հետո անախորժությամբ էր շնչում գոմի կծու հոտը։

Հետո միջանցքի աջ կողմը նույն հանգով երգեց մի այլ դուռ և բոցերի լույսով, մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով մի աղջիկ, Ազնոն, դուստրը իմ վաղեմի ծանոթի, որի տանը գիշերելու էինք ես և իմ ձին։

Ազնո, Ազնիվ... Երբ հիմա թերթում եմ իմ ուղեգրությունների տետրը, որի էջերի արանքում գտնում եմ չորացած ծաղիկներ և սուսամբարի տերևներ, ես երկա՜ր, երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևին, որի ոսկեփոշին փայլում է, ինչպես այն օրը, երբ մարգագետնի վրա թիթեռը ծծում էր ջրախոտի ծաղիկները։ Թիթեռնիկի թևի վրա ես կարդում եմ՝ «Ազնո»... Եվ մտածում եմ, որ Ազնոն հիմա դպրոց է գնում և կտուրների վրա ջինջ ձայնով այլևս չի երգում.

Քանց լուսին ամպի տակով,

Դու ջուր կերթաս ջուխտ դորակով։

Եվ այլևս չի պատասխանի այնպես, ինչպես այն օրը, երբ միասին նստել էինք իրենց բարձր կտուրին, և լեռան միամիտ աղջիկը պատասխանում էր իմ հարցերին.

— Ազնո, կինո տեսե՞լ ես։

— Հաբա օրի չըմ տեսե. эուր մը զարկեր է պատ, կցուցե ձի, աղջիկ, օրիորդ, կարտոֆել: