Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/146

Այս էջը հաստատված է

և՛ գաղթ։ Երբ նրանց քշում էին հարավ, խփում էին և՛ հարավից, և՛ հյուսիսից։ Հրդեհվում էր մի անտառ, և նրանք եղնիկների խմբերի նման, այրվող ծառերի միջից, եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։ Նրանց քշել են արևմուտք, ապա ձիերի գլուխը դարձրել են հյուսիս և բնակություն հաստատել այս բարձր լեռան վրա։

Իմ ծանոթը պատմում էր, որ Ձյանբերդում ես կտեսնեմ շատ խաչեր՝ դռան ճակատին, եզների եղջյուրներից կախ, կավե կարասների վրա, թոնրի շրթունքներին, նույնիսկ այն խրտվիլակների կրծքին, որոնց ցցում են արտերում՝ ճնճղուկների դեմ։ Որ Ձյանբերդում ապրում է մունջ Սևդոն, որը հագնում է մազեղեն կոշիկ՝ «խարուկ», ինչպես Մոտկանա երկրռւմ, որն «իր բերնին նալ է զարկել» և չի խոսում նրանց հետ, որոնք Մոտկանից չեն։

Ձյանբերդում միայն մի մարդ կա, որի առաջ խոնարհվում է համառ Սևդոն։ Այդ մարդը Հազրոն է, ինչպես անվանեց իմ ծանոթը՝ լեռան գյուղերի ամենալավ մարդը։

Բայց մեր զրույցը խանգարվեց, որովհետև լսվեց ոչխարների մայունի աղմուկը։ Ազնոն տեղից թռավ, դուրս եկան և մյուսները, նրանց հետ՝ ես։

Լեռներից գյուղի վրա իջնում էին այծերի ու ոչխարների հոտերը։ Ի՜նչ աշխույժ աղմուկ էր, ինչպիսի՜ զվարթություն, կանչեր, շան կաղկանձ, պղնձե կովկիթների զրնգոց, բառաչ, մայուն և հովիվների սուլոցներ։ Կարծես ավար էին բերում գյուղ, և կին, աղջիկ, երեխա ու տղամարդ փողոցներից դեպի բակերն էին քշում այծ, ոչխար, հորթ։

Իմ ծանոթի բարձր կտուրից ես նայում էի Ձյանբերդին, Արարատյան դաշտին, որտեղ կանաչներով շրջապատված գյուղերը հետզհետե սուզվում էին երեկոյան մութի մեջ, և ավելի պայծառանում էին քաղաքների կրակները։

Երբ հիշում եմ այդ երեկոն, քաղաքների կրակները և դաշտի վրա իջնող գիշերը, Ձյանբերդի ներքևի կտուրի վրա տեսնում եմ մի մարդու, թիկունքը դեպի ինձ, դեպի լեռան գագաթը, երեսը դաշտի կողմը, և լսում եմ լեռան գյուղերի ամենալավ մարդու նվագը։

* * *

Նրա հայրենիքը եղել է քարոտ Սասունը, այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռների գագաթները՝ ապառաժներ։ Տաք կիրճերում, լեռնային վտակների ափերին,