Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/147

Այս էջը հաստատված է

կանաչում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր պղնձագույն ժայռերի վրա։ Աճում էր և վայրի հոնը, երբեմն թուզը։ Իսկ բարձրերում որտեղ քարափների վրա ցրված էին նրանց աղքատ հյուղակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն։ Երբ հասնում էր կորեկը, ձորերից բարձրանում էին գազանները։ Մարդիկ արտերի եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը։

Նրա մանկությունը խաղացել է այդ քարափների վրա։ Ինչպես ֆավն, այդ պատանին փող է նվագել քարանձավների ստվերում, և նրա պարզ երգերին արձագանքել են ձորերը։ Երբեմն կարկուտն է ջարդել նրան, երբեմն քարերն են քերծել դեմքը, ցուրտը և արևը խանձել են նրա կուրծքը, ինչպես լեռան լանջը։ Նա կռվել է գազանների հետ և նրանց հետ, որոնք հրացանների կրակոցների աղմուկով քշում էին նախիրը, ոչխարը, առևանգում կին և երեխա։

Թվում էր, թե մինչև մահ կապրի այդ ժայռերի վրա, ինչպես իր պապերը, կցանի կորեկ, աշնանը կիջնի ձորերը, կհավաքի միրգ և ցախ, ձմեռը կլսի հին զրույցներ՝ Ձենով Օհանի, Մսրա Մելիքի և Թլոր Մանուկի մասին։

Բայց պայթեց պատերազմը, եղավ զորաժողով, բռնություններ, հրդեհեցին դաշտի գյուղերը, հրդեհաձիգները ձորերով բարձրացան մինչև լեռների գագաթները, մինչև նրանց խեղճ խրճիթները, հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի փոխարեն քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը։ Բոցը հասավ դեղնած արտերին, կրակը լափեց և՛ սերմ, և՛ սերմնացան։

Հազրոն առավ իր կնոջն ու աղջկան և ծերպերով, քարայծի արահետներով անցավ լեռից-լեռ, քարանձավից-քարանձավ, կերավ ընդեղեն, և՛ ալուճ, և՛ մասուր,—ապա հոգնած, ահը աչքերի մեջ գնաց հարավի կողմը, գնաց մերթ իբրև քուրդ հովիվ, մերթ իբրև քաղցած գայլ և հասավ անծանոթ մի աշխարհ, որտեղ ոչ լեռներ կային, ոչ լեռնային լույս աղբյուրներ։ Շոգ հարթավայր էր, պղտոր դեղին գետերով, որոնց ջրերի մեջ չէին երևում այն կապույտ առվակները, որ իջնում էին իրենց լեռների սառույցներից։

Նա հանեց ծիրանի փողը, այն կարմրավուն սրինգը, որի վրա նվագել էր կապույտ լեռների երգերը, և նրա մատները խաղացին ծիրանի փողի վրա։ Հազրոն շոգից խանձված շրթունքներով գրկեց փողի բերանը, ինչպես լեռնային գյուղերում ջուր են խմում կավե դորակներից։ Ջրի նման գլգլում էր նրա նվագը, լեռների երգը՝ շոգ հարթավայրում։

Լաց լացեց կինը, փոքրիկ աղջիկը քնեց մոր ծնկների վրա, լացեց