Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/148

Այս էջը հաստատված է

և Հազրոն, հետո թեթևություն իջավ սրտի վրա, ինչպես կապույտ ամպը նստում էր Մարութա բարձր սարին։ Ապա սրբեց արցունքը, ուսն առավ աղջկան, առաջ՝ կնոջն և ետ նայեց։ Փոշի էր նստել հեռվի լեռների վրա, և չէին երևում իրենց բարձր լեռները։

Հազրոն ասավ կնոջը.

— Էսօր դուման է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի։

Բռնեցին մի ճանապարհ, մոլորվեցին հազար ճանապարհներում, հետո, երբ արդեն սպիտակ մազեր կային նրա գլխին, Հազրոյի քոչը ելավ այս բարձր լեռը։

* * *

Հանդարտվում էր գյուղի երեկոյան աղմուկը։

Լեռան սպիտակ սառույցները լույս էին տալիս։ Մարգագետինները ծխում էին դաղձի բույր։ Բարակ լուսինը դողդողում էր, և նրա լույսի տակ եզների շողիքը օրորվում էր արծաթյա օղակների նման։ Դադրած եզները ննջում էին և լույսի տակ նրանք նման էին մարմարե արձանների։

Ներքևի կտուրի վրա հավաքվել են գյուղի հոգնած մշակները։ Երեկոյան մութի մեջ նրանք ավելի հաղթամարմին են, ինչպես գեր եզները։

Ես բարձրանում եմ կտուրը։

Այնտեղ չորս փոքրիկ աղջիկներ կան և մի տղա։ Մի բարձրահասակ մարդ զբաղվում է նրանց հետ։ Աղջիկները հարձակվում են փոքրիկ տղայի վրա, իսկ տղան հրում է նրանց, ապա իրար են խառնվում ու գլորվում կտուրի վրա։ Բարձրահասակ մարդը քրքջում է, մյուսների խոսակցությունը դադարում է, և լեռնեցու բոց աչքերով նրանք նայում են երեխաների կռվին։ Ցավից ճչում է մի աղջիկ և վազում կտուրի վրա նստածներից մեկի, ըստ երևույթին հոր, գիրկը։ Հայրը ծիծաղում է.

— Հաբա աղջիկ, գռիվ տփոնք է։

Բարձրահասակ մարդը բաժանում է մյուսներին, գրկում է տղային, որ կորյունի նման կռվում էր հասակակից երեք աղջիկների հետ։

— Բաբեն ղուրբան, հերիք,—ասում է մարդը։ Իսկ տղան նրա գրկի մեջ թպրտում է, կարծես հիմա պիտի թռնի շիվար աղջիկների վրա։

Մեկը աղջիկներին պատվիրում է տուն գնալ, և նրանք փայտե սանդուղքով իջնում են ցած։

Տիրում է լռություն։ Միայն բարձրահասակ մարդը զվարթ քրքիջով հանգստացնում է տղային.