Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/15

Այս էջը հաստատված է

որ մի օր պատասխանը գալու է»), նա դեռ հավատում է արդարության ուժին։

Մարդկայնության բարձր գագաթին հասած կերպար է նաև Աթա ապերը՝ «Եղբայրության ընկուզենիները» պատմվածքից, որը զարհուրելի սովի ժամանակ անձնազոհության և վեհանձնության դասական օրինակներ է տալիս, հետևելով իր իսկ բանաձևին. «Սրտից սիրտ մի բարակ կամուրջ է, էն է մարդուն մարդ դարձնողը»։

«Սպիտակ ձին» պատմվածքում ևս կյանքի և գյուղացու հոգեբանության անթերի իմացությամբ Բակունցը վերարտադրում է շարքային մարդու ողբերգությունը անարդարության պայմաններում։ Այդ ողբերգությունն ավելի է խորանում համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատերազմը ջրի երես է հանում գյուղաշխարհի հակասությունները, բախման մեջ դնելով մարդու գեղեցիկ երազն ու դաժան իրականությունը, մարդու հույսն ու այդ հույսը խորտակող հասարակական չարիքը։ Այս երկու սկզբունքների բախումը պատմվածքում ծավալվում է իբրև հոգեբանական խոր դրամա։

Բակունցը ճշմարտություն որոնողների կողքին իր ստեղծագործության էջերում տեղ բացեց նաև ճշմարտության մարտիկների, հեղափոխության զինվորների համար։ Դրանք են Բրուտի տղան, Սև ցելերի սերմնացանը, Վանդունց Հաբուդը, որոնք, զինված գյուղական բազմափորձ նահապետների դասերով, ընդառաջ են գնում հեղափոխության հողմերին և իրենց կյանքը նվիրում հայրենի հողի ազատագրությանը։

Գրական կենսագրության երեսնական թվականների հատվածում ևս, ինչպես քսանականների սկզբին, Բակունցը նորից անցավ ակնարկային գրառումների, նորից սկսեց վարել թափառական կյանք՝ իմաստավորելու իր երկրի նոր երևույթները։ Ակնարկը Բակունցի համար ոչ թե ժամանակին տարածված «փաստի գրականություն» հրահանգի տուրքն էր, այլ ճանապարհ էր դեպի իր գեղարվեստական լայն ծրագրերը։

Բակունցյան նոր ակնարկների մեծ մասը տպագրվեց «Անձրև» գրքում. դրանց մեջ էին «Քեռի Դավոն», «Ձորերի լույսը», «Անձրևը» և այլն։ Ի տարբերություն վաղ շրջանի գյուղական նոթերի տխուր հնչերանգների, նոր ակնարկները շնչում են կյանքի հերոսներին՝ դաշտավարին և բանվորին համակած հավատի զգացողություններով։

Լուսեղեն ապրումներով է շնչում նաև հովիվ Մուրոյի պատմած «զրույցը» Լենինի մասին։

Ակնարկը Բակունցի միակ «շեղումը» չէր իր գեղարվեստական ճանապարհից. նույն՝ 30-ական թվականներին նա գրեց գիտական հետազոտություն