Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/150

Այս էջը հաստատված է
* * *

Նրանք գնացին։

Կտուրի վրա մնացինք Հազրոն և ես։ Տուն գնաց և այն փոքրիկ տղան, նրա թոռը։ Լուսնի տակ ես դիտում էի նրա կարմրավուն փողը։ Նա ծանր էր և կարծես ձուլված էր ծանր մետաղից։ Ես բռնում էի այդ փողը գիշերային զովի դիմաց, և փողը մեղմ քամուց մետաղի ձայն էր հանում։

Իսկ Հազրոն պատմում էր, որ իր կյանքում ամենածանր հարվածը եղել է կնոջ մահը։ Աղջիկն ամուսնացել է դաշտի գյուղում։ Պապի մոտ հաճախ է լինում այն փոքրիկ տղան, նրա աոաջին թոռը։

Աստղերի և լուսնի տակ փռվել էր Արարատյան դաշտը։ Մասիսների ձյունոտ գագաթների սպիտակ ցոլքը լույս էր գցում մինչև երկնքի խորքը։ Հեռվում, ուտերի քարավանի նման ձգվել էին Հայկական պարի լեռները։

— Կտեսնե՞ս էն գուղ, կրակների ձախ կողմ։

Հովվական կրակների ձախ կողմը, դաշտի վրա երևում էր մի սև կետ։

— Հոնի զիմ նշանածն ա թաղուկ։

Երբեմն նա իջնում է լեռան գյուղից, վերցնում է չոր ցախ և կնոջ գերեզմանի գլխավերևը կրակ վառում։ Նա նստում է այնքան, մինչև հանգչում է կրակը, հետո տխուր նվագում է ծիրանի փողը և այն երգերը, որ նվագում էր իրենց հեռու երկրում, որտեղ ինքը հովիվ էր, կինը՝ գյուղական աղջիկ։ Հետո թեթև հոգով գնում է աղջկա տունը, լսում է նրա տան աղմուկը, խաղում է թոռների հետ և մենակ ճանապարհ ընկնում դեպի լեռը, դեպի լեռան գյուղի իր պարզ խրճիթը։

— Հազրո, դու լա՞վ էիր ապրում քո գյուղում։

— Մեր քարափների վրա՞։—Եվ լռում է։

— Հեյ վա՜խ ջահելություն, թռար...

Եվ նորից վերցնում է փողը։

Նվագում է, այս անգամ ոչ թե լեռնականների կորովի երգը, որից բորբոքվում է արյունը,— այլ հովվական պարզ մի երգ։ Կա և՛ թախիծ այդ երգի մեջ, կարծես մեկը մոլորվել է խոր ձորերում և տխուր հեկեկում է, կա և՛ ջինջ ուրախություն, երբ լեոների վրա ծագում է արևը, ելնում է ծուխը, մշակը դնում է աշխատանքի, վերջապես կան և կարոտի հնչյուններ՝ վերադարձի և վերջին հույսի։

— Հաղ մի երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին։ Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու,