Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/152

Այս էջը հաստատված է

ու քթի տակ կժպտար։ Երբ նա ժպտում էր, նրա կապույտ աչքերը փոքրանում էին, և աչքերի տակ շարվում էին բարակ կնճիռներ։

Դարբասի մոտ իրիկնապահին նստելը պապիս հին սովորությունն էր։ Կովերը արոտից էին տուն գալիս, վարից՝ հոգնած ու դանդաղ քայլերով եզները, պառավ ատամների տակ ծամելով ճամփի եզրից պոկած խոտը։ Ու նստած տեղից պապս մեզնից մեկին մի բան էր պատվիրում․

— Էգուց Ալա եզը վարի չտանեք,—կամ թե՝ մի տեսեք էն քուռակն ինչի՞ է կաղում։

Հետո պիտի վեր կենար, խոտը հոնի փայտով հավաքեր և մոտեցներ Ալա եզին կամ շոյեր քուռակի հիվանդ ոտքը։

Մութն ընկնելուց ժամի զանգերը ծլնգում էին։ Առաջին ծլնգոցին պապս փափախը կհաներ, կխաչակնքեր, թեկուզ այդ պահին կանգնած լիներ Ալա եզան մոտ։ Եվ խաչակնքելիս հոնի փայտը ձեռքից բաց չէր թողնում։

Մենք բոլորս էլ գիտեինք, որ խաչակնքելուց հետո ձայն է տալու.

— Նազու աղջիկ, դռները բաց արա...

Նազու աղջիկը տատս էր, ծերությունից մի քիչ կռացած, ականջի մեկը խուլ։ Եվ Նազու աղջիկը դռնակը բաց էր անում, դռնակը ճռռում էր, ինչպես սայլի անիվը սառույցի վրա։

Դռան շեմքին նստելն ուներ և մի ուրիշ նպատակ։ Գյուղի մեծ փողոցը մեր տան առաջովն էր անցնում։ Ուրիշ գյուղից եկողը մեր տան կողքով պիտի գնար։ Հանդից տուն դարձողները՝ որը մի խուրձ խոտ շալակին, որը՝ լուծի կապերն ուսին ու բեզարած եզներն առաջն արած, որը էշի վրա, ոտները գետնին քսելով,–մի խոսքով, իրիկնապահին ով անցներ փողոցով, պապիս պիտի ասեր «բարի իրիկուն»։ Պապս էլ նրանց պիտի հարցներ, թե վարը պրծա՞ն, կամ թե այսինչ սարի խոտն ինչպես է։

Մի անծանոթ մարդ եթե անցներ փողոցով, պապս մեզանից մեկն ու մեկին շտապ կասեր.

— Հենց էր ղարիբ լիներ... Շուտ հասի կանչի, թող մեր տունը գա․․․

Վազում էինք և մինչև չիմանայինք, թե ո՞ւմ հյուրն է, նրան բաց չէինք թողնում։

— Պապի, էն ղարիբը Իսաջանենց ղոնաղն էր, նրանց տունը գնաց։

Եվ պապս պիտի միտք աներ, թե նորեկը Իսաջանենց որի՞ հյուրն է, ե՞րբ է եղել նրանց տանը, ի՞նչ ծանոթություն կար նրանց միջև։ Եթե կասկածեր, կնոջը պիտի հարցներ.

— Նազու աղջիկ, հերո՞ւ էր, թե մեկել տարին էն որ Իսաջանենց Ադամի տղան սարուշենցի բրուտին կանչեց։