Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/153

Այս էջը հաստատված է

Էն ղարիբը նմանեցնում էր բրուտին։

Տատս եթե խուլ ականջն էր դարձրել նրա կողմը, պիտի գլուխը թեքեր, մի անգամ «հը՞» ասեր և ապա հայտներ իր կարծիքը սարուշենցի բրուտի մասին։

Անասունները տեղավորելուց հետո, եթե ամառվա գիշեր էր, պապս տնքալով բարձրանում էր թախտը, արխալուղի կոճակներն արձակում, և հնձվորի նման գլխին կապում սպիտակ շորը։ Հողի գավաթի մեջ սառած սպասից մի քանի գդալ ուտելուց հետո թիկնում էր բարձին և ննջում։

Առավոտ ծեգին ամենից կանուխ նա էր վեր կենում։ Քաղցր քնի մեջ, մանավանդ երբ լուսաբացին զովը պաղեցնում էր օդը և քունն ավելի անուշ դարձնում, պապս ձայն էր տալիս մեզ.

— Դե, վերեք, հրեն արևը դուրս եկավ հա՜...

Մենք ավելի էինք ներս խցկվում վերմակի տակ ու սկսում սուտ խռմփացնել։ Ու մեկ էլ մի ձեռք վերմակի տակ խտղտացնում էր մեր կրունկները։ Ծլոնգ էինք անում, նստում անկողնում և տրորում մեր քնատ աչքերը։

— Դե հա՜ վերեք... Տղամարդն էլ էդքան քնի՞։ Հրես ձմեռը էնքան արջաքուն տա՜ք... — ասում էր և հոնի փայտի ծայրով դիպչում մեր մարմնի բաց մասերին և ինքն էլ մեզ հետ ծիծաղում։

— Վերեք, ես ձեր ժամանակ կարգին տղամարդ էի։ Հրես ձեր պսակվելու վախտը մոտենում ա հա՜, վերե՜ք...

Մենք այն ժամանակ ութ-տասը տարեկան երեխաներ էինք։ Ու պիտի վեր կենայինք, քնաթաթախ աչքերով չջոկեինք, թե ով ում տրեխն է հագնում, պիտի կռվեինք իրար հետ, թե ո՞վ է եզները տանելու և ո՞վ է գնալու վարի։ Բայց ավելորդ էր մեր խոսքն ու կռիվը, որովհետև պապս արդեն որոշել էր աշխատանքը, իսկ Նազու աղջիկը մեր պաշարի կապոցները կախել էր բակի ցից փայտերից։

Եվ արևածագին սկսվում էր գյուղի ծանր աշխատանքի առօրյան։

Ձմեռն էր լավ։ Աշխատանք քիչ կար, տավարը գոմումն էր, խոտն ու դարմանը՝ մարագում։ Պապս ոչ նստում էր դարբասի քարին և ոչ էլ պառկում բակի թախտի վրա։ Արև օրերին նրա փոխարեն հավերը, սառած գետինը կոխ տալով, մոտենում էին, վիզները երկարում, թռչում ու շարվում թախտի վրա, գլուխները ծածկում թևերի տակ։

Պապս քուրսու մոտից չէր հեռանում։ Նա սովորություն չուներ գյուղի հրապարակը գնալու։ Քուրսու մոտ կնստեր, բրդե շալը ուսին կգցեր ու կմտմտար, երբեմն ինքն իրեն կժպտար, բարի և անչար մարդու ժպիտով։