Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/156

Այս էջը հաստատված է

սահմանն անցել և գնացել է Իրանի հողը, և իբրև թե նամակ է ուղարկում մեզ, բայց նամակը ճանապարհին բռնում են։

Սոսկալին այդ անհայտությունն էր, որովհետև եթե ստույգ իմացվեր, որ նա այլևս չկա, լաց կլինեին և տարիների հետ կհալվեր մորմոքը։ Սակայն մերոնց վիշտն անթեղած կրակ էր, որ մերթ բոցավառվում էր որպես պայծառ հույս, մերթ դառնում մարմրին տվող տկար կայծ։

Պատահում էր, որ ձմռան գիշերներին մեզնից մեկն ու մեկը հանկարծ զարթնում ու գլուխը հանում էր վերմակի տակից։ Այդ գիշերներին շատ անգամ տեսնում էինք տատիս ու պապիս քուրսու մոտ նստած։ Երբեմն նրանք լուռ ննջում էին։ Տատս հանկարծ սթափվում էր, աչքերը տրորում, մոտեցնում բրնձով լի ամանը և մատով մեկ-մեկ ընտրում բրինձը։ Նրանք իրար հետ խոսում էին, ամեն գիշեր համարյա նույն ձևով, նույն հանգով։

— Բա ի՞նչ ասաց։

— Կտեսնեմ... Ասում էր շատ ա դժվար...

— Հը՞։

— Դժվա՛ր ա, դժվա՛ր...

— Տվածնիս աչքերն առնի, բա հիմա ի՞նչ է ուզում...

— Ճարներս ինչ, պիտի տանք... Տեսնենք մի խաբար կբերի՞։

Ու մենք հասկանում էինք, թե կա մի մարդ, որ եթե մտքում դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց։ Ո՞վ էր այդ մարդը, մենք չգիտեինք։ Հայտնի էր, որ երբեմն գզիր Իբիշը մեր տնից յուղ ու պանիր էր տանում նրա համար։ Մի անգամ էլ երկու ոչխար տարավ ու հենց գոմի շեմքին երդվեց որ անպատճառ նրան կասի։ Գզիրը ոչխարը քշեց հարևան գյուղը, որտեղ ապրում էր տանուտերը, և որի տանը շատ անգամ լինում էր պրիստավը։

* * *

Աշնան մի օր պապս, որ առավոտ կանուխ ձի էր նստել ու գնացել հարևան գյուղը, ուրախ-ուրախ ձիուց իջավ, սանձը հանեց ձիու գլխից ու մինչև ձին ներս կմտներ գոմի դռնով, շտապեց մեզ հայտնելու, ու տանուտերից տեղեկացել է, թե քեռիս ողջ է և գտնվում է այսինչ քաղաքում։

— Անունն ինչ էր էն անտերի... Տես է՜, հուշ եմ ասել։ Լեզվիս պտկին էր, ամբողջ ճանապարհին ասում էի, որ մտահան չանեմ։