Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/16

Այս էջը հաստատված է

Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումի» առեղծվածի մասին (1932), թարգմանեց «Աղվեսագիրքը» (1935) և Ն. Վ. Գոգոլի «Տարաս Բուլբան», գրեց առաջաբաններ և, վերջապես, շարադրեց մի քանի ֆիլմերի գրական սցենարները («Սև թևի տակ», «Արևի զավակը», «Ալագյազ»), որոնց մեջ էր նաև «Զանգեզուր» ֆիլմի սցենարի արդեն ավարտած տարբերակը։

4

Հասարակության զարգացման սուր-բախումային բնույթը պայմանավորեց «ուրախության և հաղթության արվեստի»՝ երգիծանքի, լայն տեղը գեղարվեստական գրականության ընդնանուր համապատկերում։

Ծիծաղին դիմեցին ոչ միայն «զտարյուն» երգիծաբանները՝ ֆելիետոնիստներն ու հումորիստները (ինչպես, օրինակ, Լեռ Կամսարը), այլև Ե. Չարենցի, Դ. Դեմիրճյանի, Ա. Բակունցի նման «հուզա–խոհական» շնչի գրողները։

Բակունցյան երգիծապատումի մեջ են ազգային ռոմանտիզմի վերջին շառավիղների դեմ ուղղված «Հովնաթան Մարչ» (1927) ոչ այնքան ուժեղ զավեշաավեպը, հին աշխարհի վերադարձի խարխուլ երազներով շնչող անցվորների հոգեկան գալարումները ներկայացնող մի շարք պատմվածքներ («Իվան բեյը», «Դրոգապան Գևոն» և այլն), «Պրովինցիայի մայրամուտը» փիլիսոփայական երգիծանքը և «Կյորես» պատմական ժամանակագրությունը։ Վերջին երկու գրվածքը գեղարվեստական անզուգական արժեքներ են։

«Պրովինցիայի մայրամուտը», ինչպես երևում է պատմվածքի դիպուկ խորագրից, ներկայացնում է ազգային իրականության հին արժեքների նահանջը՝ պատմության նոր ուժերի արշավի առաջ։

Դիմելով համաշխարհային գրականության մեջ «փողոցը և քաղաքը» գեղարվեստական կերպար դարձնելու լայնահուն ավանդներին, մասնավորապես ներշնչվելով Ն. Վ. Գոգոլի «Նևսկի պողոտա» վիպակի կաոուցվածքից և լուծումներից, Բակունցը գլխավոր կերպար է դարձնում Աստաֆյան փողոցը, որի մի մասնիկն է դառնում վիպակի անանուն հերոսը։

Երևանյան շատ փողոցների «կենսագրությունը» պատմելուց հետո Բակունցը առանձնակի մանրակրկիտությամբ դառնում է Աստաֆյան փողոցի կերպարին, այն փողոցի, որը մարմնացնում է «պրովինցիան»՝ դրա կործանումը («մայրամուտը») կանխել ցանկացող այնպիսի հերոսներով, ինչպիսին է «եղերական վախճան» ունեցած այն մարդը, որը փորձում էր ետ շրջել պատմության անիվը։