Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/164

Այս էջը հաստատված է
* * *

Յոթ-ութ տարեկան երկու մանուկ բարձր ժայռի գլխից նայում են Գյունեյ թաղին, դոդդողացող գոլորշուն, Անա զիզու բոստանին, աթարի դեզերին... Դիմացը, ընդարձակ տափարակի վրա քաղաքն է։ Արևի տակ շողշողում են թիթեղյա կտուրները, կարծես տները ծածկված են ապակիով։ Ապակեշող տների մեջ ցոլանում է «ռուսաց ժամի» ոսկեզօծ գմբեթն ու խաչը։ Արևի ճառագայթներն արտացոլում են այնպես փառահեղ, կարծես գմբեթն է արևը, որ հրդեհվում է տների և կանաչ պարտեզների մեջ։

Գետի ափին կանայք ցորեն են լվանում։ Նրանք կռացել են և ձեռքերը ջրի մեջ ետ ու առաջ են տանում։ Մի քանի կտուրների վրա դեղնին են տալիս դդումները. ամայի բակերում օրորվում է արևի տակ փռած գույնզգույն լվացքը։

Մանուկները միատեսակ են հագնված՝ երկուսն էլ տրեխավոր, չթե հասարակ շապիկ։ Նրանցից մեկի գոտին ծոպավոր է, կապույտ փնջերով։

Աջ ու ձախ խոր ձորեր են... Ահա Գայլաբունի ձորը՝ հատակը մութ ու խոր. վշշոց է գալիս ներքևից, ջու՞ր է վազում, թե՞ սառը քարանձավներում շաչում է քամին։ Քար են գցում և կռացած ականջ դնում։ Ապա լուռ իրար են նայում. նրանք չեն կարողանում որոշել ջո՞ւրն է վշշում, թե քամին։

Վայրի աղավնիների երամը փռռոցով անդունդից դուրս է թռչում և գլորվող քարի աղմուկից վախեցած, ճախրում արևի տակ, ապա նորից իջնում մութը։ Արևի տակ փայլփլում են նրանց ճերմակ թևերը։ Հետո ներքևից հարյուրավոր թևեր թափահարում են և հետզհետե սուզվում անդունդը։ Մանուկները լսում են լուռ և երբ այլևս ձայն չի գալիս ներքևից, կամաց հարցնում են.

− Ո՞ւր կորան...

Վեր են կենում մանուկները, հացի կապոցն առնում և բարձրանում դեպի բրուտի քարանձավները։ Մարդկանց ոտքերը և ձիերի սմբակները փորել են նեղ արահետ։ Որտեղ քարը փուխր է, փոս է ընկել։ Իսկ կարծր տեղերը պսպղում են կապույտ փայլով։ Այդ արահետի կապերն են՝ սանդուղքաձև, որոնց հասնելիս ձին գլուխը կռացնում է, հոտոտում և ապա զգուշությամբ ոտքը փոխում, ինչպես՝ սառույցի վրա։

Եվ ինչ շատ են արահետները, որ կոշտացած ձեռքի երակների նման ցանց են կապել քարափների, ժայռերի ու քերծերի վրա, ճյուղավորվում են, բաժանվում իրարից, մեկը մի ձոր է իջնում, մյուսը բարձրանում