Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/167

Այս էջը հաստատված է

մազերը և ցեխի շիթը այտի վրա։ Նա ինձ թվում է բարի մարդ, ինչպես բրուտ Ավագը, և ես մտածում եմ, թե ինչո՞ւ նա գյուղում չի երևում, ինչո՞ւ նրան անվանում են «շաշ»։

− Անդո, աշխարհում խելո՞քն է շատ, թե՞ սարսաղը...

− Սարսաղը։

− Իսկ բրուտը բաց է անում Անա զիզու պաշարը։

− Ա՜յ մալադե՜ց,−բղավում է նա։− Պահ, պահ, խիա՜ր, կանաչ խիա՜ր․․․− և առողջ ատամներով կիսում է վարունգը։

․․․Այժմ էլ, երբ գրում եմ մեր հին Գյունեյ թաղի մասին, օրերի մշուշից մոտենում է ինձ չոլախ Եգորը, ելնում է, ինչպես մեր ժայռերը սպիտակ մառախուղի միջից։ Ես տեսնում են նրա ցեխոտ մեջքը, խոնավությունից փտած շապիկը և կավի նման մաշկը, որ դեղնել էր քարանձավի խոնավությունից։ Եվ նորից հռնդում է անասնական խրխինջով, ցցվում են մազերը, ինչպես տատասկի թուփը։

Պրոմեթեո՞ս էր նա, բանտարկված բրուտի քարանձավներում, թե՞ մի խեղճ սատիր...

* * *

Ահա մեր գետը, մեր զուլալ գետը։ Կարող ես ջրի տակ խիճերը մեկ-մեկ համրել։ Հորթերը վախվխելով, պոչները վեր պահած, մտնում են ծանծաղուտը, ջուր խմում, սարսռալով ետ գալիս։ Սառն է ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ սառույցի հաստ շերտեր։

Իսկ երբ վարարու՜մ է... Կոճղեր է բերանն առնում, գազազած բաշը մեկ այս ափին տալիս, մեկ այն, նոր հուն ճեղքում՝ ավերելով բոստան ու մարգագետին։ Հին կամուրջի գերանները դողում են շյուղի նման, գետը ծանր քարեր է շպրտում կամարի հիմքերին, ասես զայրանում է, որ կամուրջն իր հոսանքը բաժանում է ճյուղերի։

Գարնան մթնկա գիշերներին ջրի վշշոցը ահարկու սարսափ է տարածում գետափի տներում, Դրնգանի ձորերում։ Ջաղացները լռում են, ջաղացպանը վառած լապտերը ձեռքին գիշերը մոտենում է գետին՝ տեսնի չի՞ բարակել։

Գյուղից ներքև, մի բարձր ժայռի մոտ գետն արմունկ է կազմում ու կորչում ժայռերից պոկված հսկա քարերի արանքում։ Ամեն տարի հեղեղն այդ քարերի վրա կիտում է ջարդված ծառեր, կոճղեր, թփեր, թռչունների քանդված բներ։ Գետը հասնում է քարե մաղին թե չէ, կորչում է, ջրերը շառաչով ներքև են թափվում և կատաղած դուրս գալիս Նեղը։